21 մայիսի 2016 - 17:05 AMT
Ազատի կիրճում շինաշխատանքները կասեցվել են. Բնակիչների շրջանում հարցում կանցկացվի

Գառնի-Երևան ավտոճանապարհը մայիսի 20-ից փակած Գառնի գյուղի բնակիչներին մոտեցել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ լսելով նրանց պահանջները։

Գառնեցիները վարչապետից պահանջեցին, որպեսզի տեխնիկան դուրս բերվի տարածքից։

Գառնի գյուղի բնակիչները մայիսի 21-ի առավոտվանից շարունակում են փակ պահել Երևան-Գառնի ճանապարհը:

Այս անգամ նրանց միացան նաև հարևան Գողթ համայնքի բնակիչները: Գառնեցիները պայքարում են Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի ծրագրի դեմ, գողթեցիները՝ Գեղարդալճի ինքնահոս ոռոգման համակարգի: Նրանք պահանջել են Ազատ գետի կիրճում կատարվող շինարարական աշխատանքները:

«Ամենավատը պետք է վարչապետը ապրի, նախագահը, ոչ թե ժողովուրդը։ Իշխանությունները բոլոր կամուրջները այրել են։ Դուք պետք է գայիք չեղարկման որոշումով»,- ասել են նրանք:

«Ոչ մի ժողովուրդ իր վարչապետի հանդեպ այսպես չի վերաբերվում», ի պատասխան ասել է Աբրահամյանը՝ փորձելով լռեցնել գառնեցիներին և պատասխանել նրանց հարցերին, հայտնում է Ա1+-ը։

Ի վերջո, վարչապետը նշել է. «Չեմ կարծում, որ լինի մի վարչապետ, որը ցանկանա, որ գառնեցու ջուրը կտրվի, գառնեցին վատ ապրի։ Ես ինքս հետ կքաշվեմ այդ ծրագրից, եթե իմանամ, որ այն բացասական հետևանք ունի։ Եթե ամբողջ Գառնիի ժողովուրդը, բոլորը կուզեն, որ ծրագիրը չանենք, հարց չկա՝ չենք անի, վաղը հարցում ենք անցկացնելու՝ դա պարզելու համար»։

Վարչապետը նաև ցուցարարներին ասել է, որ Ազատ գետի կիրճում շինաշխատանքները կասեցվում են, գրում է Tert.am-ը:

Կառավարության որոշմամբ՝ Ազատ գետի ջուրը պետք է վերցվի խողովակի մեջ և ուղղվի Արարատի Քաղցրաշեն և Նարեկ գյուղերը: Գառնիի բնակիչներն ասում են, ծրագրով նախատեսվում է Ազատ գետի ջուրը տեղափոխել Արարատի մարզի 12 գյուղ, որտեղ, ըստ գառնեցիների, վարչապետ Հովիկ Աբրահամյանի և մի շարք այլ պաշտոնյաներին պատկանող այգիներն են:

Photo` Ecolur