Թուրքիայի իշխող Արդարության և զարգացման կուսակցության նոր առաջնորդ է ընտրվել տրանսպորտի նախարար Բինալի Յիլդիրիմը` ուստի, նա էլ կստանձնի երկրի վարչապետի պաշտոնը:
60-ամյա քաղաքական գործիչը ԱԶԿ հիմնադիրներից մեկն է եղել Թուրքիայի նախագահ էրդողանի հետ միասին: Նրա օգտին է քվեարկել կուսակցության համագումարի 1405 պատվրիակ: Ինքը Յիլդիրիմը հայտարարել է, որ ԱԶԿ-ն կշարունակի էրդողանի ուղին, հայտնում է ՌԲԿ-ն Reuters-ի վրա հղումով:
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Էրդողանն ընդունել է նախորդ վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հրաժարականն ու խնդրել է իշխող կուսակցության նորընտիր նախագահին ընտրել կառավարության նոր կազմը` հաստատելով նրան որպես վարչապետ:
Յիլդիրիմը ԱԶԿ նախագահի միակ թեկնածուն էր: Նրա ընտրությունը թույլ կտա Էրդողանին ուժեղացնել հսկողությունը կառավարության հանդեպ:
Մայիսի 5-ին Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է վարչապետի պաշտոնից հեռանալու մասին` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էևդողանի հետ տարաձայնությունների պատճառով:
Դավութօղլուն հայտարարեց, որ չի առաջադրելու իր թեկնածությունը իշխող Արդարության և զարգացման կուսակցության նախագահի պաշտոնում մայիսի 22-ին կայանալիք կուսակցության արտահերթ համագումարում: Դավութօղլուն վարչապետ դարձավ 2014-ին: Վերջին շրջանում նրա և նախագահ Էրդողանի միջև տարաձայնություններ են առաջացել, մասնավորապես, քրդական հարցի լուծման և ընդդիմադիր լրագրողների և հասարակության ներկայացուցիչների ձերբակալությունների հարցում: