23 մայիսի 2016 - 10:41 AMT
Հեռացատկորդ Ամալյա Շառոյանն օլիմպիական ուղեգիր է նվաճել. Աղասյանի արդյունքը կրկին բավարար չէր

Աթլետիկայի Հայաստանի հավաքականի անդամ հեռացատկորդ Ամալյա Շառոյանը Ռիոյի ամառային Օլիմպիական խաղերի վարկանիշ է ձեռք բերել Ալբանիայում կայացած վարկանիշային մրցաշարում:

Տիրանայում կայացած մրցաշարում հեռացատկորդը գրանցել է 6մ 72 սմ՝ գերազանցելով Օլիմպիական խաղերի համար նախատեսված նորմատիվը` 6մ 70 սմ: Շառոյանը դարձել է նաև մրցաշարի հաղթող, հայտնում է ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեն:

Տղաների պայքարում Լևոն Աղասյանը եռացատկում գրավել է առաջին հորիզոնականը` 16մ 03սմ, սակայն չի գերազանցել Օլիմպիական խաղերի համար նախատեսված նորմատիվը (16 մ 85 սմ):

Աթլետները մինչև Հայաստանի առաջնությունը, որը կկայանա մայիսի 28-29-ը, այլ հնարավորություններ կունենան` օլիմպիական վարկանիշ ձեռք բերելու համար:

Մայիսի 16-ին աթլետիկայի Աթենքի միջազգային մրցաշարում Լևոն Աղասյանը գրավել է առաջին հորիզոնականը, սակայն չի կարողացել Ռիոյի Օլիմպիական խաղերի վարկանիշ նվաճել: Աղասյանը ցատկել է 16 մ 16 սմ և 7 մասնակիցների շարքում գրավել առաջին տեղը: Տղաների նորմատիվը, որը թույլ կտար Օլիմպիական խաղերի վարկանիշ ձեռք բերել 16 մ 85 սմ էր: