23 մայիսի 2016 - 17:07 AMT
Նալբանդյան. ՀՀ-ն անելու է առավելագույնը` կյանքի կոչելու Վիեննայում ձեռք բերված համաձայնությունները

Հայաստանն ակնկալում է բոլոր հնարավոր ոլորտներում և ուղղություններով զարգացնել ու խորացնել համապարփակ համագործակցությունը և՛ Արևելյան գործընկերության, և՛ Եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակներում: Այս մասին հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ ‪‎Նալբանդյան‬ը` ելույթ ունենալով Եվրոպական միության և Արևելյան գործընկերության արտգործնախարարների 7-րդ հանդիպմանը:

Նախարարն իր ելույթում անդրադարձել է վերջին նախարարական հանդիպումից ի վեր տեղի ունեցած զարգացումներին: Նա նշել է, որ 2015-ն առանձնահատուկ տարի էր Հայաստան-ԵՄ համագործակցության համար: «Նախորդ դեկտեմբերին ես պատիվ ունեցա բարձր ներկայացուցիչ Մոգերինիի հետ միասին ազդարարելու Հայաստանի և Եվրոպական միության միջև նոր համապարփակ համաձայնագրի շուրջ բանակցությունների պաշտոնական մեկնարկը: Այն հնարավորություն կտա նոր և ամուր իրավական հիմք ձևավորել: Արդեն անցկացվել է բանակցությունների 3 փուլ»,-ասել է Նալբանդյանը:

2015թ. ինտենսիվ և կառուցողական երկխոսության տարի էր, որի ընթացքում տեղի ունեցան մեծ թվով երկկողմ հանդիպումներ և բարձրաստիճան այցեր։ Նախագահ Տուսկը և հանձնակատար Հանը 2015թ. այցելեցին Հայաստան, իսկ վերջերս Երևանում էր բարձր ներկայացուցիչ Մոգերինին: Հայաստանը մասնակցեց Արևելյան գործընկերության և Եվրոպական միություն-Հայաստան գործընկերության կառույցների մի շարք հանդիպումների:

ԱԳ նախարարը հիշեցրել է, որ 2015-ի դեկտեմբերին ԵՄ խորհուրդը ներկայացրել է վերանայված Եվրոպական հարևանության քաղաքականությունը: Երբ ԵՄ խորհուրդը հաստատեց վերանայված քաղաքականությունը, ՀՀ-ն գոհունակությամբ արձանագրեց, որ գործընկեր պետությունների նկատմամբ կիրառվելու է տարբերակման սկզբունքը և համապատասխան անհատական մոտեցում է ցուցաբերվելու` նկատի ունենալով ժողովրդավարական բարեփոխումների ոլորտում հանձնառությունների իրականացման առաջընթացը:

Նալբանդյանը նշել է, որ Ռիգայի գագաթաժողովը նաև վերահաստատել է լիակատար աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ջանքերին` հիմնված ՄԽ համանախագահ երկրների նախագահների կողմից 2009թ. ի վեր ընդունված 5 հայտարարությունների վրա: «Մեզնից շատերն են հիշում, թե ինչպես Ադրբեջանը փորձեց արգելափակել Ռիգայի գագաթաժողովի հռչակագրի ընդունումը, այս հայտարարություններին արվող հղման պատճառով։ Միայն այս փաստն արդեն իսկ բացահայտ ցույց է տալիս Ադրբեջանի վերաբերմունքը խաղաղ գործընթացի նկատմամբ և արհամարանքը՝ միջնորդ պետությունների՝ միջազգային հանրության անունից արված առաջարկությունների հանդեպ»,-ասել է նա։

Վիեննայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև կայացած հանդիպումը արդյունավետ էր՝ հստակ համաձայնություններով և հանձնառություններով, ներառյալ՝ 1994-1995թթ. զինադադարի համաձայնագրերի անվերապահ իրականացումը, հետաքննության մեխանիզմի ստեղծումը, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացումը։

«Ցավոք, հանդիպումից ընդամենը օրեր անց ադրբեջանական պաշտոնյաները դրա արդյունքը կասկածի տակ դնող ապարդյուն փորձեր են կատարում` ներկայացնելով իրենց սեփական խեղաթյուրված մեկնաբանությունները, որոնք հակասում են հանդիպման արդյունքների վերաբերյալ համանախագահ երկրների բարձրաստիճան ներկայացուցիչների կողմից արված համատեղ հայտարարությանը: Բաքուն շինծու մեղադրանքներով փորձում է շեղել միջազգային հանրության ուշադրությունը ադրբեջանական զինուժի կողմից գործած հանցագործություններից, Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների կոպտագույն ոտնահարումների աղաղակող փաստերից։

Հայաստանը համանախագահ երկրների հետ միասին անելու է առավելագույնը` կյանքի կոչելու Վիեննայում ձեռք բերված համաձայնությունները և շարունակելու ղարաբաղյան հիմնահարցի բացառապես խաղաղ հանգուցալուծմանն ուղղված ջանքերը»,-ասել է Նալբանդյանը:

Հայաստանը ակտիվորեն իրականացնում է Ռիգայի գագաթաժողովի հռչակագրի դրույթները, ներառյալ նրանք, որոնք վերաբերում են ոլորտային համագործակցությանը: Նախարարը հիշեցրել է, որ թոքր և միջին ձեռնարկությունների «COSME» ծրագրին Հայաստանի մասնակցության մասին համաձայնագիրը ստորագրվել է անցյալ տարի: Մի քանի օր առաջ Հայաստանը միացավ «Հորիզոն 2020» հետազոտությունների և նորարարության հանրային ֆինանսավորման ծրագրին, որը կընդլայնի Հայաստան-ԵՄ համագործակցությունը գիտական և նորարարական կարողությունների զարգացման ոլորտում: Տրանսպորտի ասպարեզում համագործակցության զարգացումը նույնպես մեր օրակարգում է, և մենք ակնկալում ենք հնարավորինս շուտ սկսել Միասնական օդային տարածքի ձևավորման շուրջ բանակցությունները:

Նալբանդյանը հավելել է, որ հայ ուսանողները ակտիվորեն օգտվում են «Erasmus+»-ից, և ՀՀ-ն ակնկալում է ընդլայնել համագործակցությունը՝ միտված Բոլոնիայի գործընթացի համար համապատասխան կարողությունների ամրապնդմանը: Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական համաժողովը, որն անցյալ տարի անցկացվեց Երևանում, լավ հնարավորություն ընձեռեց այս ուղղությամբ հետագա քայլերի համար: Սկսվել են քննարկումները՝ Ստեղծագործ Եվրոպա ծրագրին միանալու շուրջ, որն առաջարկում է առավել լայն շրջանակ՝ մշակութային փոխանակությունների համար:

Հայաստանը գնահատում է գյուղատնտեսական և գյուղի զարգացման ոլորտին ուղղված ԵՄ աջակցությունը և ակնկալում է առավել լայն համագործակցություն՝ գյուղատնտեսության և գյուղական համայնքների զարգացման ոլորտում արդիականացման և հետագա բարեփոխումների խթանման հարցում, ներառյալ՝ «ENPARD» ծրագրերի շրջանակներում:

«Շարժունակության ընդլայնումը շարունակում է մնալ մեր հասարակություններն առավել մերձեցնելու կարևոր նախադրյալներից մեկը: Շարժունակության վերաբերյալ վերջերս Բրյուսելում կայացած Հայաստան-ԵՄ բարձր մակարդակի հանդիպումը մեզ թույլ տվեց ամփոփելու ավելի քան երկու տարվա գործունեությունը և գնահատելու ապագա առաջնահերթությունները:

Ե՛վ Հայաստանը, և՛ Եվրոպական միությունը Հետընդունման և Մուտքի արտոնագրի դյուրացման վերաբերյալ համաձայնագրերի իրականացումը հիմնականում հաջողված են դիտարկում: Մենք կարևորում ենք մուտքի արտոնագրի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի հնարավորությունը: Քաջ գիտակցելով, որ մուտքի արտոնագրի ազատականացման շուրջ երկխոսությունը համապարփակ գործընթաց է` մենք այն նաև որպես լրացուցիչ խթան ենք դիտարկում` մի շարք ոլորտներում բարեփոխումները և ԵՄ հետ համագործակցությունը խորացնելու ուղղությամբ»,-ասել է Նալբանդյանը:

Նա հիշեցրել է, որ Հայաստանն ակտիվորեն ներգրավված է ԵՄ հետ մարդու իրավունքների շուրջ արդյունավետ երկխոսության մեջ և առանձնահատուկ կարևորություն է տալիս արդյունավետ կառավարման ամրապնդման, դատական, հակակոռուպցիոն բարեփոխումներում համագործակցության խորացմանը: Այս նպատակով մենք սերտորեն աշխատում ենք նաև այլ միջազգային կազմակերպությունների հետ, մասնավորապես՝ Եվրոպայի խորհրդի: Երկու օր առաջ մենք մեկնարկեցինք 2015-2018թթ. Գործողությունների ծրագիրը, որն իրականացվելու է նաև ԵՄ աջակցությամբ:

Հայաստանը ակտիվորեն համագործակցում է խորհրդարանական ձևաչափով՝ Եվրանեսթի և Խորհրդարանական համագործակցության կոմիտեի շրջանակներում, ինչպես նաև՝ տեղական իշխանությունների մակարդակով, ասել է նախարարը, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը: