Բունդեսթագի փոխխոսնակ. Գերմանիան ուզում է օգնել հայերին և թուրքերին շփման եզրեր գտնել

Բունդեսթագի փոխխոսնակ. Գերմանիան ուզում է օգնել հայերին և թուրքերին շփման եզրեր գտնել

PanARMENIAN.Net - Գերմանիան պատրաստ է աջակցել հայ և թուրք ժողովրդների միջև հարաբերությունների կարգավորմանը: Այդ մասին Երևանում հայտարարել է Բունդեսթագի փոխխոսնակ Էդելգար Բուլմանը ՀՀ փոխարտգործնախարար Էդուարդ Շարմազանովի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ, հայտնում է «Նովոստի-Արմենիան»:

«Հաշվի առնելով Գերմանիայի պատմության մութ էջերը` մենք ցանկանում ենք պատասխանատվություն ստանձնել և օգնել հայ և թուրք ազգերին շփման եզրեր գտնել` համակերպվելով սեփական պատմության հետ», - ասել է Բուլմանը Նրա խոսքով, դա բարդ, բայց հնարավոր քաղաքական ուղի է, որով կարող են ընթանալ Հայաստանը և Թուրքիան` երկխոսության և միմյանց միջև հարաբերությունների վերսկսման նպատակով:

Հունիսի 2-ին գերմանական Բունդեսթագը պատրաստվում է ընդունել Հայոց ցեղասպանությունը. Քրիստոնյա-դեմոկրատական Դաշինքը, Քրիստոնյա-սոցիալիստական դաշինքը, Սոցիալ-Դեմոկրատներն ու Կանաչների կուսակցությունը, կարծես, համաձայնության են եկել բանաձևի վերաբերյալ: Փաստաթղթի տեքստը հրապարակված չէ:

Բանաձևը կրում է «101 տարի առաջ Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած հայերի ու այլ քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանության հիշատակին» անվանումը: Այնուամենայնիվ, օրինագիծը չի դրվի անվանական քվեարկության. դա նշականում է, որ պատգամավորներն, ովքեր քվեարկելու ցանկություն չեն ունենա, կարող են ձեռնպահ մնալ:

Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։ Հարաբերությունները բարդացան, երբ Անկարան սկսեց սատարել ադրբեջանական դիրքորոշմանը՝ ղարաբաղյան հարցում, և երբ Թուրքիան կտրուկ արձագանքեց Օսմանյան կայսրությունում 1915թ. Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին:

Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների բարելավման գործընթացը 2008 թվականի աշնանը նախաձեռնել էր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։

2009 թ. հոկտեմբերի 10–ին Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարները Ցյուրիխում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման արձանագրությունը», որոնք պետք է վավերացվեին երկու երկրների խորհրդարանների կողմից։ Սակայն 2010 թ.–ի ապրիլի 22–ին Սարգսյանը հայ–թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը դադարեցնելու մասին հրամանագիր ստորագրեց` հայտարարելով, որ Թուրքիան պատրաստ չէ շարունակել սկսած գործընթացը։ Արձանագրությունների վավերացման գործընթացը սառեցված վիճակում է։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---