Նախագահը ցավակցել է Ասադին՝ դատապարտելով ահաբեկչությունը

Նախագահը ցավակցել է Ասադին՝ դատապարտելով ահաբեկչությունը

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 24-ին ցավակցական հեռագիր է հղել Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար Ալ-Ասադին՝ Տարտուսում, Լաթաքիայում և Սիրիայի այլ բնակավայրերում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների կապակցությամբ, որոնց հետևանքով զոհվել և վիրավորվել են բազմաթիվ անմեղ քաղաքացիներ:

«Սիրիայի խաղաղ բնակչության նկատմամբ այս զարհուրելի հանցագործությունները որևէ արդարացում չունեն: Մենք խստորեն դատապարտում ենք ահաբեկչությունն իր բոլոր դրսևորումներով և կոչ անում միջազգային հանրությանը հավաքական ուժերով շարունակել պայքարն այս չարիքի դեմ:

Հայտնում եմ իմ անկեղծ վշտակցությունը Ձեզ, Սիրիայի բարեկամ ժողովրդին և զոհվածների հարազատներին՝ մաղթելով ոգու արիություն և տոկունություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»,-ասված է ՀՀ նախագահի ցավակցական հեռագրում:

Մայիսի 23-ին Սիրիական քաղաքներում պայթյունների շարք է տեղի ունեցել, ինչի հետևանքով զոհվել է ավելի քան 100 մարդ։ Լաթաքիա նահանգի Ջաբլե քաղաքում գրանցված երեք պայթյունից մեկը տեղի է ունեցել ավտոկայանի ու պետական էնեգետիկ ընկերության շենքի միջև, ևս մեկը՝ քաղաքի մուտքի մոտ։ Ավելի ուշ մահապարտն ինքն իրեն պայթեցրել էր տեղի հիվանդանոցի շտապօգնության բաժանմունքի մոտ: Դրանից հետո հայտնի է դարձել, որ զինյալները հարձակում են իրականացրել նաև երկրի՝ մեծությամբ երկրորդ նավահանգստային քաղաք Տարտուսում։ Այստեղ ահաբեկչությունները ևս տեղի են ունեցել ավտոկայանի մոտ, դրանցից մեկը՝ վառելիքի լիցքավորման կետի մոտ։

Պայթյունների պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։ Ավելի ուշ սիրիական հատուկ ծառայությունները Ջաբլեում ձերբակալել են մի մահապարտի, որն «Ախրար աշ-Շամ» խմբավորման անդամ է։ Նախնական տեղեկություններով՝ նա մտադիր է եղել պայթյուն իրականացնել տեղի հիվանդանոցի մոտ։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---