Ամերիկացի զինծառայողները նորոգել են Երևանի տարեցների խնամքի կենտրոնը

Ամերիկացի զինծառայողները նորոգել են Երևանի տարեցների խնամքի կենտրոնը

PanARMENIAN.Net - Մայիսի 10-ից սկսած Երևանի տարեցների խնամքի թիվ 1 կենտրոնում ընթանում էին վերանորոգման աշխատանքներ, որոնք իրականացվում էին ԱՄՆ Ջորջիա նահանգի Ռոբինս Օդային բազայի տասնյակ քաղաքացիական ինժեներների ու շինարարների կողմից. Վերանորոգման աշխատանքների արդյունքում բարելավվել են պայմանները 12 սենյակներում ու խնամքի կենտրոնի ընդհանուր օգտագործման տարածքներում:

Ջորջիայի Ազգային գվարդիայի Ռազմաօդային ուժերի 116-րդ քաղաքացիական ինժեներական էսկադրիլիայի զինծառայողները Հայաստանում են գտնվում ԱՄՆ զինված ուժերի Հումանիտար քաղաքացիական աջակցության ծրագրի շրջանակում: Ինժեներական անձնակազմը փոխել է խնամքի կենտրոնի հատակը՝ տարեցների համար այն ավելի ապահով դարձնելով: Նրանք նորոգել են շենքի սանհանգույցները, բարելավել լարանցումն ու կոյուղին, և հարդարել պատերը: Վերանորոգման աշխատանքները հմտությունների ձեռք բերման ու իրական պայմաններում դրանք կիրառելու լավ հնարավորություն էին ամերիկացի զինծառայողների համար, որը միաժամանակ նպաստում է նաև հայ և ամերիկյան ժողովուրդների երկարամյա բարեկամության խորացմանը, ասվում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության հաղորդագրության մեջ:

«Մենք դեռ երկար ու երախտագիտությամբ կհիշենք այն աշխատանքը, որ դուք արել եք այստեղ, - ասել է Երևանի տարեցների խնամքի թիվ 1 կենտրոնի տնօրեն Խաչիկ Սարգսյանը, - այստեղ իրականացված աշխատանքների շնորհիվ մեր բնակիչների համար կապահովվի տաք ջուր, ջեռուցում և բնակության ապահով ու կոկիկ պայմաններ»:

«Ջորջիայի Ազգային գվարդիայի այս ներկայացուցիչները ամերիկյան զինուժի լավագույն կադրերն են, և նրանք անձամբ շփվել ու ծանոթացել են հայ ժողովրդի հետ և այդ տպավորություններն իրենց հետ տուն կտանեն», - ասաց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը, որը մայիսի 25-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի հետ միասին ներկա է գտնվել վերանորոգված կենտրոնի ժապավենը կտրելու արարողությանը:

Սա արդեն երրորդ տարին է, որ Հայաստանում նախագծեր են իրականացվում ԱՄՆ եվրոպական հրամանատարության Հումանիտար քաղաքացիական աջակցության ծրագրի շրջանակում:

«Նման աշխատանքների միջոցով և գործակցելով ՀՀ կառավարության ու քաղաքացիական հասարակության հետ Ամերիկյան դեսպանատունը ձգտում է բարելավել հայ ժողովրդի կենսամակարդակը և օգնել այս հինավուրց ժողովրդին կերտելու անվտանգ, խաղաղ և բարեկեցիկ ապագա, որին արժանի է հայ ժողովուրդը», - ասել է դեսպան Միլսը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---