Կարո Փայլանը դատի է տվել «Գորշ գայլեր»-ից մեկին ու շահել դատը

Կարո Փայլանը դատի է տվել «Գորշ գայլեր»-ից մեկին ու շահել դատը

PanARMENIAN.Net - Թուրքիայում ավարտվել է խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանի կողմից դեռևս 2015-ին ներկայացված հայցի հիման վրա ընթացող դատավարությունը: Փայլանը դատարանից պահանջել էր հայերին սպառնալու համար պատասխանատվության ենթարկել թուրքական ծայրահեղական ուժերի՝ «Գորշ գայլերի» Կարսի երիտթևի առաջնորդին, հայտնում է Ermenihaber-ը:

«Հիմա ի՞նչ, մենք էլ Կարսի փողոցներում հայի որսի դուրս գա՞նք» արտահայտության համար դատարանը «Գաղափարական օջախներ» անվանումով Կարսի երիտթևի առաջնորդ Թոլգա Ադըգյուզելին դատապարտել է 7 ամիս 15 օր ազատազրկման և 11.240 թուրքական լիրա դրամական տույժի (մոտ 3.800 դոլար):

Ըստ «CNNTurk» լրատվական ծառայության` Ադըգյուզելի վերոնշյալ սպառնալիքի պատճառ էր դարձել 2015 թվականի հունիսի 21-ին հայոց հինավուրց մայրաքաղաք Անիի ավերակներում ջազ-դաշնակահար Տիգրան Համասյանի կազմակերպած համերգը: Ադըգյուզելը մամուլի ասուլիս էր հրավիրել, որի ժամանակ արտահայտել էր իր «վրդովմունքը» և հնչեցրել հայերի որսի մասին տխրահռչակ արտահայտությունը: Բացի այդ սպառնալիքներ էր հնչեցրել Թուրքիայում իրենց ազատ զգացող հայերի հասցեին:

Ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցություն» անդամ Փայլանն արձագանքել է Կարսի դատարանի վճռին` բնութագրելով այն հուսադրող:

«Ատելություն պարունակող արտահայտությունները ճանապարհ են հարթում ատելության հողի վրա կատարվող հանցագործությունների առաջ: Այս դատավարության շրջանակներում հայկական ինքնությանն ուղղված ատելություն պարունակող արտահայտությունների դատապարտումը հուսադրող է:

Հուսադրող է թե հայերի և Թուրքիայի հասարակության` հաշտությանն ու արդարությանը հավատացող հատվածի համար: Մենք շարունակելու ենք պայքարը այլատյացություն ու ատելություն պարունակող ցանկացած հանցագործության դեմ: Եվ մեր պայքարը շարունակելու ենք մղել հանուն արդարության, հանուն հասարակական համերաշխության»,- նշել է մեջլիսի հայ պատգամավորը:

Մայիսի 2-ին Թուրքիայի խորհրդարանում կրկին վեճ է բռնկվել իշխող Արդարության և զարգացման կուսակցության և քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչների միջև: Քաղաքական գործիչների դատական անձեռնմխելիության հարցի շուրջ ժողովի ժամանակ թուրք պատգամավորները հարձակվել են ԺԴԿ հայ պատգամավոր Կարո Փայլանի վրա, որին օգնության են հասել այլ պատգամավորներ։

Փայլանն ասել է, որ իր՝ հարձակման ենթարկվելու պատճառներից մեկը հայ լինելն է. «Այնտեղ հնչած ատելությամբ լի արտահայտությունները վերաբերվում էին իմ ազգային պատկանելությանը։ Նրանք չկարողացան մարսել, որ ոմն հայ շիտակ կանգնում և բացահայտում է իրենց ստերը: Նրանք ուզում են իրենց դիմաց տեսնել ենթարկվող հայի»։

Մայիսի 4-ին Ամերիկայի «Հայ դատի» հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը հանդես է եկել հայտարարությամբ, որով կոչ է արել ԱՄՆ իշխանություններին դատապարտել թուրքական հարձակումները քրդամետ կուսակցության հայազգի պատգամավոր Կարո Փայլանի դեմ:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---