26 մայիսի 2016 - 12:10 AMT
ՌԴ-ն պաշարված Դեր Զոր է հասցրել ՄԱԿ հումանիտար օգնությունը

Ռուսաստանի տրանսպորտային ինքնաթիռը 21 տոննա պարենամթերք է հասցրել սիրիական Դեր Զոր, որը պաշարված է ահաբեկչական «Իսլամական պետության» կողմից:

ԻՊ գրոհայինների կողմից պաշարված Դեր Զոր պարենը հասցվել է պարաշյուտային հարթակների կիրառմամբ, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Հումանիտար օգնությունը հատկացրել է ՄԱԿ-ը:

4 տոննա հումանիտար բեռ է հասցվել նաև Դամասկոսի գավառի Ջերուդ բնակավայր: 47 քաղաքացու բուժօգնություն է ցուցաբերվել, այդ թվում 12 երեխայի:

Փետրվարի 23-ին Մոսկվան և Վաշինգտոնը համաձայնություն են ձեռք բերել Սիրիայում հակամարտող կողմերի միջև ժամանակավոր հրադադար հաստատելու մասին: Ձեռք բերված համաձայնությունը վերաբերում է միայն կառավարական և չափավոր ընդդիմադիրների միջև ռազմական գործողություններին: Դրանք չեն տարածվում ԻՊ և «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական կազմակերպությունների դեմ գործողությունների վրա:

«Ջեբհաթ ան Նուսրան» ահաբեկչական կազմակերպություն է, որը ստեղծվել է 2012 թ. հունվարի 23-ին Սիրիայում քաղաքացիական պատերազմի ժամանակ: Այն «Ալ Քայիդայի» սիրիական ստորաբաժանում են կոչում: Սկզբնական շրջանում կազմակերպությունը գործակցել է Սիրիայի Ազատ բանակի հետ, որը դեմ է երկրի գործող կառավարությանը: Ճակատի անդամները սունիներ են: Նրա շարքերում կռվում են սիրիացիներ, ինչպես նաև Սաուդյան Արաբիայի, Իրաքի, Պակիստանի, Լիբանանի, Թուրքմենստանի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի քաղաքացիներ, որոնք միավորված են սալաֆիտների գաղափարախոսությամբ, որը կոչ է անում իսլամական պետություն կառուցել ոչ միայն Սիրիայում, այլև ամբողջ իսլամական աշխարհում: Կազմակերպության առաջնորդները նախատեսում են Սիրիայում պատերազմի ավարտից հետո գրոհել Իսրայելը: