Եվրախորհրդարանը հրաժարվել է դատապարտել Հայոց ցեղասպանության հերքման մասին ֆրանսիական օրինագիծը

PanARMENIAN.Net - Եվրախորհրդարանը հրաժարվել է դատապարտել Ֆրանսիայի խորհրդարանի կողմից ընդունված Հայոց ցեղասպանության հերքման քրեականացման մասին օրինագիծը: Ինչպես հայտնում է Եվրոպայի Հայկական Դաշնությունը (EAFJD), 2006 թվականի նոյեմբերի 13-ին երեք եվրախորհրդարանակններ ներկայացրել են «Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից «1915 թվականի Հայոց ցեղասպանության» փաստի վիճարկման համար քրեական պատասխանատվություն նախատեսող օրինագծի ընդունման մասին» հայտարարություն: Փետրվարի վերջում հայտարարությունը ստորագրել են միան 38-ը 785 եվրախորհրդարանականներից եւ, հետեւաբար, փաստաթուղթը չի ընդգրկվել Եվրախորհրդարանի օրակարգում: Հայտարարությունում ցավ է հայտնվում օրինագծի ընդունման կապակցությամբ եւ նշվում է, որ «դա չի աջակցում այն մարդկանց աշխատանքին, ովքեր Թուրքիայում պայքարում են խոսքի ազատության համար»: Հայտարարության հեղինակները գտնում են, որ Ֆրանսիայում տվյալ օրենքի ընդունումը «բացասական ազդեցություն կունենա Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների վրա», ինչպես նաեւ «վտանգավոր նախադեպ կստեղծի` պատիժ այն իրադարձությունների հերքման համար, որոնք պաշտոնապես չեն ճանաչել բոլոր շահագրգիռ կողմերը»: EAFJD-ի գործադիր տնօրեն Լորան Լեյլեքյանը հայտարարել է, որ լրագրող Հրանտ Դինքի սպանությունը պետք է դաս դառնա բոլոր նրանց համար, ով պայքարում է Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ եւ դրա հերքման համար քրեական օրենք ընդունելու դեմ: Նրա խոսքերով, այդ մարդիկ իրենց վրա պատասխանատվություն են վերցնում հայերի նկատմամբ ատելության մթնոլորտ ստեղծելու համար:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---