Օհանյան. ՊԲ դիրքերը համալրվում են գիշերային տեսանելիության և ջերմատեսիլ սարքերով

Օհանյան. ՊԲ դիրքերը համալրվում են գիշերային տեսանելիության և ջերմատեսիլ սարքերով

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերը մշտապես համալրվում են գիշերային տեսանելիության սարքերով, ջերմատեսիլ սարքավորումներով, որպեսզի մարտական հերթապահության ժամանակ առաջադրված խնդիրներն ավելի արդյունավետ իրականացվեն: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, հայտնում է Sputnik-Արմենիան:

Ըստ նախարարի`իրավիճակը շփման գծում այս պահին լարված չէ. Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը պահպանում է հրադադարի ռեժիմը, հակառակորդի կողմից կրակոցները քիչ են։ Նախարարի խոսքով, Հայաստանը կողմ է, որ հրադադարի պահպանման ռեժիմի խախտումներն արձանագրող սարքերը շուտափույթ տեղադրվեն։

«Մենք բազմիցս հայտարարել ենք, որ պատրաստ ենք աջակցել շփման գծում վստահության մթնոլորտի հաստատմանը։ Պայմաններ են ստեղծվել միջադեպերի միջազգային հետաքննության համար, ինչը թույլ կտա համապատասխան սարքեր տրամադրել (հրադադարի պահպանման ռեժիմի խախտումները արձանագրելու համար), մասնագետների վերապատրաստել»,-ասել է Օհանյանը։

Նախարարն ասել է նաև, որ քառօրյա պատերազմի ժամանակ կորցրած 800 հա հողատարածքը գտնվում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի մշտական վերահսկողության ներքո: «Ես բազմաթիվ անգամ ասել եմ, որ այս տարածքները գտնվում են Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի վերահսկողության տակ», -ասել է Օհանյանը:

ՊՆ ղեկավարն անդրադարձել է նաև այն հարցին, թե ի՞նչ առաքելություն է տեսնում Հայաստան վերադարձած Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի համար, ով հայտարարել է, թե իր առաքելությունը տեսնում է Արցախում, հայտնում է Tert.am-ը:

«Ես Սամվել Բաբայանի հետ չեմ հանդիպել, Սամվել Բաբայանի ունակությունների մասին ես տեղյակ եմ, և նրա կատարածը մենք չենք մոռանում: Այսօրվա իրադրության մեջ որպես անհատ, որն ուզում է իր ներդրումն ունենալ արցախյան հատվածում, դա իր խնդիրն է, իր իրավունքն է: Մեզանից ոչ մեկը, առավել ևս ես չեմ կարող դրան խոչընդոտել»,-ասել է Սեյրան Օհանյանը։

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մասնակցել է Երևանի թիվ 147 դպրոցի ավարտական դասարանի վերջին զանգին, որը նվիրված էր քառօրյա պատերազմի ժամանակ հերոսաբար զոհված կրտսեր սերժանտ Ռոբերտ Աբաջյանին: Ապրիլի 2-ի մարտերի ընթացքում դպրոցի շրջանավարտ, 20-ամյա Ռոբերտը քաջաբար զոհվեց՝ իր հետ նռնակով պայթեցնելով թշնամուն:

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական կողմը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ սկսել է լայնածավալ հարձակողական գործողություններ, կիրառել է իր զինանոցում եղած ռազմական տեխնիկայի գրեթե բոլոր հնարավոր տեսակները: ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 13 ԱԹՍ: Ապրիլի 5-ին Մոսկվայում Հայաստանի ու Ադրբեջանի ԶՈւ գլխավոր շտաբերի պետերի միջև ժամը 12:00-ից կրակի դադարեցման մասին երկկողմանի պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ բանակցություններ անցկացնելու պայմանով: Սակայն ադրբեջանական կողմը շարունակում է գնդակոծել ինչպես ղարաբաղյան, այնպես էլ ՀՀ դիրքերը:

Ապրիլին ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում մարտական գործողությունների ընթացքում ՀՀ-ից առաջնագիծ են մեկնել հազարավոր կամավորներ:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---