Շվեյցարական դատարանը Դողու Փերինչեքին դատապարտել է Հայոց ցեղասպանության հերքման համար

PanARMENIAN.Net - Շվեյցարական դատարանն այսօր Թուրքիայի աշխատավորական կուսակցության նախագահ Դողու Փերինչեքին մեղավոր ճանաչեց ռասայական խտրականության մեջ` 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը հերքող նրա հրապարակային հայտարարությունների համար: Լոզանի դատարանը թուրքական ազգայնական կուսակցության առաջնորդի նկատմամբ սահմանեց 90-օրյա պայմանական ազատազրկում կամ դրան համարժեք տույժ, ինչպես նաեւ 3 հազար շվեյցարական ֆրանկի կամ 2,5 հազար դոլարի տուգանք: Փերինչեքը կարող է խուսափել ազատազրկումից, եթե առաջիկա երկու տարիների ընթացքում չկրկնի իր արարքը: Երկու տարի առաջ Լոզանում թուրքերի մի հավաքի ժամանակ Փերինչեքը «միջազգային սուտ» էր որակել Օսմանյան Թուրքիայում հայերի նկատմամբ գործադրված ցեղասպանությունը:



Սա առաջին դեպքն է, երբ 1995 թվականին Շվեյցարիայում ուժի մեջ մտած հակառասիստական օրենքը կիրառվում է Հայոց ցեղասպանության առնչությամբ: «Այս դատավճռի ամենակարեւոր կետն այն է, որ Հայոց ցեղասպանությունը պատմական անվիճելի իրողություն է Շվեյցարիայի օրենսդրության առջեւ, եւ ոչ մեկն իրավունք չպիտի ունենա այս իրողությունը կասկածի տակ դնել», - հայտարարել է դատարանում հայկական կողմի շահերը ներկայացնող Շվեյցարահայ միության համանախագահ Սարգիս Շահինյանը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---