9 մարտի 2007 - 17:32 AMT
Թուրքիայի տարածքում հայկական պատմական հուշարձանների ճշգրիտ թիվը հայտնի չէ
Ախթամարը համաշխարհային արժեք է հանդիսանում, եւ այդ պատճառով թուրքական կառավարությունը դրա վերականգնամ մասին որոշում է ընդունել: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել է պատմաբան Սամվել Կարապետյանը: Նրա խոսքերով, Ախթամարի եկեղեցական համալիրը համարժեքներ չունի համաշխարհային ճարտարապետության եւ քանդակի մեջ: «Ախթամարը եզակի է, բայց, միեւնույն ժամանակ այն թուրքական կառավարությանը հսկայական շահույթ է կբերի զբոսաշրջիկների հոսքի շնորհիվ: Իսկ թե ինչ գրված կլինի եկեղեցու պատին, երկրորդական հարց է: Այսօր Թուրքիայում վերականգնվում են հունական, հայկական, ասորական ճարտարապետության հուշարձաններ. որ հուշարձանի վրա որ ցանկանան գրել, թե ում է այն պատկանում, դրա վրա էլ կգրեն»,- ասել է Կարապետյանը:

Հայ պատմաբանը նաեւ նկատել է, որ Թուրքիայի տարածքում հայկական պատմա-մշակութային հուշարձանների ճշգրիտ թիվը հայտնի չէ: «1912-1913 թվականների Կոստանդնուպոլսի պատրիարքարանի տվյալներով, Արեւմտյան Հայաստանում մոտ 2100 գործող եկեղեցի է եղել: Դրանց թվին չեն պատկանել մատուռները, փակված եւ կիսավեր եկեղեցիները: Արեւմտյան Հայաստանի 8 հազար գյուղերից 3 հազարը լիովին հայկական են եղել, եւ նշանակում է, որ յուրաքանչյուր գյուղում եկեղեցի եղել, երբեմն նույնիսկ երկուսը: Ես կարծում եմ, որ խոսքը գնում է հազարավոր հայակական հուշարձանների մասին ողջ Թուրքիայի տարածքում: Դրանցից ոչ բոլորն են հավասրապես կարեւոր, բայց դրանք եղել են: Ախթամարը խուսափել է Մուշի եւ Կարսի եկեղեցիների ճակատագրից, որոնք վերածվել են մզկիթների»,- ընդգծել է Կարապետյանը: