Մեկնարկել է «Նոր անուններ» պատանի երաժիշտ-կատարողների 6-րդ միջազգային փառատոնը

Մեկնարկել է «Նոր անուններ» պատանի երաժիշտ-կատարողների 6-րդ միջազգային փառատոնը

PanARMENIAN.Net - Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայացել է «Նոր անուններ» պատանի երաժիշտ-կատարողների 6-րդ միջազգային փառատոնի հանդիսավոր բացումը: Պատանի երաժիշտները հանդես են եկել Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ՝ դիրիժորներ Ալան Կիրկոպի (Մալթա) և Հարություն Արզումանյանի ղեկավարությամբ:

Փառատոնն այս տարի կանցկացվի մայիսի 28-31-ը: Միջոցառումը նախաձեռնել և կազմակերպում է Հայաստանի «Նոր անուններ» ծրագիրը (ղեկավար` «Մշակույթի գործիչների ընկերակցության» նախագահ, ՀՀ Մշակույթի վաստակավոր գործիչ Սիլվա Մեքինյան):

Փառատոնն անցնելու է ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո, ինչպես նաև՝ ՀՀ մշակույթի նախարարության, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ (գեղ. ղեկավար և գլխ. դիրիժոր` Էդուարդ Թոփչյան) և Հայաստանի պետական կամերային (գեղ. ղեկավար և գլխ. դիրիժոր` Վահան Մարտիրոսյան) նվագախմբերի աջակցությամբ:

Փառատոնի գլխավոր գործընկերն է ՎիվաՍել-ՄՏՍ-ը:

«Նոր անուններ» փառատոնը ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությունը ստացած ծրագրերի շարքում ամենահաջողվածներից է: Տարիներ շարունակ այն համախմբում է շնորհալի պատանիների՝ նրանց հնարավորություն ընձեռելով ներկայացնել իրենց կատարողական հմտությունները, բացահայտել տաղանդը, և որն ամենակարևորն է՝ լուրջ քննություն բռնել երաժշտասեր հանրության և պրոֆեսիոնալ երաժիշտների լսարանի առջև: ՎիվաՍել-ՄՏՍ-ի անունից փառատոնի կազմակերպիչներին և մասնակիցներին մաղթում եմ ստեղծագործական նորանոր ձեռքբերումներ՝ դասական երաժշտությունը որպես ազգային հարստություն պահպանելու և դրա միջոցով մեր ժողովրդի ներդաշնակ զարգացումն ապահովելու գործում»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Պատանի երաժիշտ-կատարողների ներկայացուցչական հավաքին այս անգամ մասնակցում են Հայաստանի, Ռուսաստանի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Մալթայի, Կորեայի, ԱՄՆ-ի, Կանադայի, Բուլղարիայի, Վրաստանի մինչև 18 տարեկան 5 տասնյակից ավելի շնորհալի պատանի երաժիշտ-կատարողներ՝ միջազգային և հանրապետական մրցույթների ու փառատոների բազմակի դափնեկիրներ, տարբեր հիմնադրամների կրթաթոշակառուներ:

Փառատոնի շրջանակում մասնակիցների համար կազմակերպվել է մշակութային բազմազան ծրագիր, որը թույլ կտա օտարազգի պատանիներին ծանոթանալ Հայաստանին՝ դիտել Երևանի տեսարժան վայրերը, այցելել Մայր Աթոռ Ս. Էջմիածին, տեսնել Սևանը և այլն:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---