Նախագահը՝ ԵԺԿ գագաթնաժողովին. ԵԺԿ-ն եղել և մնում է համաեվրոպական առաջընթացի շարժիչ ուժերից մեկը

Նախագահը՝ ԵԺԿ գագաթնաժողովին. ԵԺԿ-ն եղել և մնում է համաեվրոպական առաջընթացի շարժիչ ուժերից մեկը

PanARMENIAN.Net - Աշխատանքային այցով Լյուքսեմբուրգում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` մայիսի 30-ին, մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) 40-ամյակին նվիրված հոբելյանական գագաթնաժողովին: Այն վարել է ԵԺԿ նախագահ Ժոզեֆ Դոլը: Գագաթնաժողովին մասնակցել են Եվրոպական խորհրդի և Եվրոպական հանձնաժողովի նախագահներ Դոնալդ Տուսկն ու Ժան-Քլոդ Յունկերը, ԵՄ անդամ և Արևելյան գործընկերներ երկրներից ԵԺԿ-ին անդամակցող կուսակցությունները ներկայացնող պետությունների և կառավարությունների ղեկավարները, ովքեր շնորհավորական ուղերձներն են հղել ԵԺԿ հոբելյանի կապակցությամբ` իրենց խոսքում անդրադառնալով կուսակցության անցած ճանապարհին, ձեռքբերումներին, Եվրոպական հարևանության և Արևելյան գործընկերության օրակարգային հարցերին, ԵԺԿ զարգացման ու ամրապնդման հեռանկարին:

Եվրոպայի ժողովրդական կուսակցության հիմնադրման 40-ամյակի կապակցությամբ կուսակցությանն ուղերձ է հղել նաև ՀՀ նախագահը: Նշելով, որ կուսակցությունը տարիներ շարունակ եղել և մնում է եվրոպական ինքնության վերարժևորման կարևորագույն օղակներից և համաեվրոպական առաջընթացի շարժիչ ուժերից մեկը, Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ ԵԺԿ անդամ քաղաքական ուժերից շատերն այսօր էլ ունեն կարևորագույն դերակատարում եվրոպական բազմաթիվ երկրների քաղաքական գործընթացներում:

Ուղերձում ՀՀ նախագահն առանձնահատուկ նշել է ԵԺԿ նախկին նախագահ Վիլֆրիդ Մարտենսի ավանդը կուսակցության հիմնադրման, կայացման և արձանագրած բազմաթիվ հաջողությունների հարցում, նաև նրա ներդրումը և համակողմանի աջակցությունը Հայաստանի՝ եվրոպական մերձեցման գործընթացում և Հայաստանի հանրապետական կուսակցության, ինչպես նաև հայաստանյան երկու այլ քաղաքական ուժերի անդամակցության գործում:

Հանրապետության նախագահը կարևորել է միջկուսակցական փոխգործակցությունը ԵԺԿ-ի հետ` եվրոպական քաղաքական մշակույթի տարածման, համաեվրոպական արժեհամակարգի ամրապնդման տեսանկյունից:

«Հայ ժողովուրդը եվրոպական քաղաքակրթության անբաժանելի մասն է իր անցյալով ու մշակույթով, իղձերով ու նպատակներով, իսկ հայաստանյան կուսակցությունների անդամակցությունը ԵԺԿ-ին բխում է մեր ընդհանուր քրիստոնեական ժառանգությունից, ինչպես նաև հիմնարար ազատությունների, ժողովրդավարության և մարդու իրավունքների սկզբունքներին համատեղ հանձնառությունից: Այս առումով հատկանշական է նաև ՀՀԿ-ի երիտասարդական և կանանց կազմակերպությունների անդամակցությունը ԵԺԿ-ի համապատասխան կազմակերպություններին:

Բարձր եմ գնահատում նաև ԵԺԿ-ի դիրքորոշումը Հայաստանին վերաբերող հարցերի նկատմամբ տարբեր եվրոպական կառույցներում, ինչպես նաև խորհրդարանական հարթակներում:

Մեծ է եղել ԵԺԿ-ի աջակցությունը Եվրոպական միության հետ մեր հարաբերությունները զարգացնելիս: Դրանք այսօր հասել են մի նոր՝ կարևոր ու պատասխանատու հանգրվանի: Արդեն մեկնարկել են բանակցությունները Հայաստան-Եվրամիություն նոր համապարփակ իրավական փաստաթղթի շուրջ, որը կարտացոլի մեր հարաբերությունների բնույթն ու կուրվագծի փոխշահավետ համագործակցության նոր ուղղությունները: Վստահ եմ, որ այս նոր փաստաթուղթը կյանքի կոչելու հարցում ևս ԵԺԿ-ն մեր կողքին կլինի»,-նշել է ՀՀ նախագահն իր շնորհավորական ուղերձում և վստահություն հայտնել, որ այսուհետ ևս ԵԺԿ ընտանիքը, նախագահ Դոլի բազմահմուտ ղեկավարությամբ, կշարունակի կենսագործել կուսակցության հիմնարար արժեքներից բխող իր առաքելությունը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---