31 մայիսի 2016 - 13:12 AMT
«Գազպրոմ Արմենիա»-ի գլխավոր տնօրենը՝ գազի էժանացման մասին. Նվազել է մաքսիմալ հնարավորությամբ

Հայաստանում գազի գինը սպառողի համար նվազել է մաքսիմալ հնարավորությամբ: Այս մասին հայտարարել է «Գազպրոմ Արմենիա» ընկերության վարչության նախագահ-գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանը:

Մայիսի 30-ին հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն ընդունել է գազի սակագների նվազում նախատեսող որոշումը:Մինչև 10.000 խմ սպառում ունեցող սպառողներին վաճառվող յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի սակագինը՝ 146.700 դրամ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը (146 դրամ՝ 1 խմ դիմաց): Խորանարդ մետրի արժեքն, այսպիսով, նվազեցվել է 9.3 դրամով:

10 հազար խորանարդ մետրից ավել սպառողների համար սակագինն էժանացել է մոտ $20-ով՝ 1000 խմ դիմաց, $276.98-ից դառնալով $257.56: Այսպիսով, խոշոր սպառողների համար գազն էժանանում է մոտ 20 ցենտով՝ 1 խմ դիմաց: Նոր սակագներն ուժի մեջ են մտնում հունիսի 1-ից:

«Սակագինը հաստատողը հանձնաժողովն է, ոչ թե «Գազպրոմ Արմենիա»-ն: Այո, մենք ենք հայտով դիմել, մենք առաջարկը ներկայացրել ենք, և եթե այն հիմնավոր չլիներ, ապա չէր հաստատվի: Հանձնաժողովում աշխատում են բանիմաց ու գրագետ մարդիկ։ Իրենք էլ են հասկանում, որ դա է մաքսիմալը»,- նշել է Հարությունյանը, գրում է Tert.am-ը:

Գազի սակագնի ձևավորման վրա, Հարությունյանի խոսքով, բազմաթիվ գործոններ են ազդում, որոնց թվում պահպանման ու շահագործման ծախսերն են, ներդրումները, որոնք պետք է արվեն, որպեսզի «վաղը մյուս օրը մեր սերունդներն ունենան հուսալի գազամատակարարման համակարգ»:

«Էսօր մենք 50 տարվա խողովակ ունենք, մենք չե՞նք ուզում կառուցել, բան չանե՞նք»,- ասել է նա:

«Գազպրոմ Արմենիա» ընկերության վարչության նախագահ-գլխավոր տնօրենի խոսքով՝ եթե ունենանք արտադրական հզորությունների աճ, ապա կունենանք գազի սակագնի նվազում: Նրա խոսքով, քանակի ավելացումը կհանգեցնի ծախսերի կրճատման ու գնի նվազեցման:

Մայիսի 2-ին հայտնի է դարձել, որ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն իր նախաձեռնությամբ սկսում է էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների կողմից էլեկտրաէներգիայի արտադրության և ծառայությունների մատուցման, ինչպես նաև վերջնական սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի սակագների վերանայման գործընթաց: