Թուրքիայի ԱԳՆ-ն «դատապարտել է» շվեյցարական դատարանի վճիռը Դողու Փերինչեքի վերաբերյալ

PanARMENIAN.Net - Թուրքիան դատապարտել է շվեյցարական դատարանի վճիռը, որով Թուրքիայի աշխատավորական կուսակցության առաջնորդ Դողու Փերինչեքը մեղավոր է ճանաչվել Հայոց ցեղասպանության ուրացման համար: «Դատական գործը անհարկի, հիմնազուրկ եւ վիճելի էր բոլոր առումներով: Այդ վճիռը անընդունելի է թուրք ժողովրդի համար», - ասված է Թուրքիայի արտգործնախարարության հայտարարությունում, ըստ որի, դատավիճը «ոտնահարում է ազատ խոսքը»: Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը քննադատել է նաեւ դատական գործի լուսաբանումը շվեյցարական մամուլի կողմից` որակելով այն «կողմնակալ», հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:



Նշենք, որ Շվեյցարիայի Լոզան քաղաքի դատարանը անցած ուրբաթ կայացրած դատավճռով թուրքական ազգայնական կուսակցության ղեկավարի նկատմամբ 90-օրյա պայմանական ազատազրկում եւ շուրջ 2,5 հազար դոլար տուգանք է սահմանել: «Խորհրդանշական փոխհատուցում» 1 հազար ֆրանկի չափով պետք է վճարվի «Շվեյցարիա-Հայաստան» ասոցիացիային, որը դատավարության ժամանակ հանդես էր գալիս որպես քաղաքացիական հայցվոր: Բացի այդ, Փերինչեքը պետք է վճարի դատական ծախսերը` շուրջ 15 հազար ֆրանկ: Նկատենք նաեւ, որ ըստ շվեյցարական օրենքի մեղադրյալին սպառնում էր մինչեւ 3 տարվա ազատազրկում: Հիշեցնենք, որ Թուրքիայի աշխատավորական կուսակցության առաջնորդը 2005 թվականին Լոզանում թուրքերի մի հավաքի ժամանակ հայտարարել էր, թե Հայոց ցեղասպանությունը «միջազգային սուտ է»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---