«Ավրորա» մրցանակի 2017-ի առաջադրումները սկսվել են

«Ավրորա» մրցանակի 2017-ի առաջադրումները սկսվել են

PanARMENIAN.Net - Հունիսի 1-ին տրվել է «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի առաջադրումների մեկնարկը։ «Ավրորա» մրցանակը փնտրում է այն մարդկանց անհատական պատմությունները, որոնք վտանգում են իրենց՝ հանուն դիմացինին օգնելու։ Առաջադրումներ կարելի է կատարել 2016թ. հունիսի 1-ից մինչև սեպտեմբերի 9-ը: Այդ մասին ասվում է մրցանակի պաշտոնական կայքում:

«Ավրորա» մրցանակը շնորհվում է Հայոց ցեղասպանությունը վերապրածների անունից` ի երախտագիտություն նրանց փրկողների, ամեն տարի ապրիլի 24-ին, Երևանում: «Ավրորա» մրցանակի դափնեկրին տրվում է 100.000 ԱՄՆ դոլարի պարգև և նրան ոգեշնչած բարեգործական կազմակերպություններին 1.000.000 ԱՄՆ դոլարի դրամաշնորհի ներկայացնելու հնարավորություն։

Յուրաքանչյուր ոք կարող է առաջադրել թեկնածուի, որն հաղթահարել է մարտահրավերներ՝ բացառիկ ազդեցություն գործելով մարդկային կյանքի փրկության և մարդասիրական հիմնախնդիրների առաջխաղացման վրա։

2016-ի ապրիլին «Ավրորա» մրցանակի առաջին դափնեկիրը դարձել է Բուրունդիի «Խաղաղության Տան» հիմնադիր Մարգարիտ ‏Բարանկիցեն։ Նա Բուրունդիի քաղաքացիական պատերազմի տարիներին փրկել և խնամել է 30,000 երեխաների, որբերի ու փախստականների։

«Ավրորա մրցանակն ասես մխիթարություն լիներ իմ և Բուրունդիի ամբողջ ժողովրդի համար: Հաջողությունը քո ունեցածը չէ, այլ՝ քո ով լինելը։ Իմ առաքելությունը դարձել է բոլորին հույս տալը՝ հաջողության, կարեկցանքի և սիրո հույս։ Ես այնքան երախտապարտ եմ «Ավրորա» մրցանակին՝ պարգևած հնարավորության համար, շնորհակալ եմ իմ կողմից մրցանակի առաջադրված երեք կազմակերպություններին, և, իհարկե, Բուրունդիի ժողովրդին»,-ասել է Բարանկիցեն:

Մարգարիտ Բարանկիցեն և 2016թ. «Ավրորա» մրցանակի հավակնորդները՝ Սուդանի Նուբա լեռների «Գթության Մայր» հիվանդանոցի բժիշկ Թոմ Քաթինան, Պակիստանի «Կախյալ շահագործվողների ազատագրության ճակատի» գլխավոր քարտուղար Սայիդա Ղուլամ Ֆաթիման և Կենտրոնաաֆրիկյան հանրապետության Բոսեմտելե քաղաքի կաթոլիկ միսիայի քահանա Հայր Բերնարդ Կինվին, բացառիկ անձնազոհ մարդիկ են, որոնք իրենց մարդասիրությամբ փոխում են աշխարհը։

«Ավրորա» մրցանակը համահիմնադիրներ Վարդան Գրեգորյանի, Նուբար Աֆեյանի և Ռուբեն Վարդանյանի մարդասիրական ձեռնարկումն է, որով նրանք իրենց երախտագիտությունն են հայտնում հարյուր տարի առաջ՝ Հայոց ցեղասպանության տարիներին, բազմաթիվ հայերի փրկած խիզախներին։ «Ավրորա» մրցանակը երախտագիտության ավանդը փոխանցում է ապագային՝ շարունակելով նվիրատվության շղթան:

«Անցյալ տարի առաջադրումներ կատարելու կոչն օգնեց ճանաչելու մարդասիրության ասպարեզի բազմաթիվ հերոսների: Մենք մեծ սպասումով կրկին կոչ ենք անում աշխարհին առաջադրել նոր հավակնորդների, ինչի ընթացքում հույս ունենք աշխարհին պատմել և ճանաչման արժանացնել անձնազոհության և հույսի ավելի մեծ թվով ոգեշնչող պատմություններ»,- ասել է մրցանակի համահիմնադիր և Ընտրող հանձնաժողովի անդամ Վարդան Գրեգորյանը։

«Ավրորա» համաշխարհային մարդասիրական ամենամյա երկրորդ մրցանակը կշնորհվի 2017 թվականի ապրիլի 24-ին, Երևանում։

Ընթերցեք նաև. «Ավրորա» մրցանակի առաջին դափնեկիրն է Մարգարիտ Բարանկիցեն Բուրունդիից

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---