Իրանական կայքը՝ Ադրբեջանի նորանշանակ դեսպանի հակաիրանական գործունեության մասին

Իրանական կայքը՝ Ադրբեջանի նորանշանակ դեսպանի հակաիրանական գործունեության մասին

PanARMENIAN.Net - Իրանում Ադրբեջանի նորանշանակ դեսպանը համակարգել է Ադրբեջանի ազգային անվտանգության նախկին նախարարի հակաիրանական գործունեությունը: Այս մասին ասվում է պարսկալեզու «Ազարիհա.օրգ» կայքի հոդվածում:

Հոդվածի հեղինակը, անդրադառնալով օրերս ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիին իր հավատարմագրերը հանձնած Իրանում Ադրբեջանի դեսպանի նշանակմանը, գրում է. «Ինչո՞վ է զբաղվել Իրանում Ադրբեջանի նորանշանակ դեսպան Բոնյադ Հուսեյնովը, ի՞նչ անցյալ է նա ունեցել Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարությունում: Ի՞նչ նպատակով է նա դեսպան նշանակվել Իրանում, արդյո՞ք Հուսեյնովին դեսպան նշանակելով՝ պաշտոնական Բաքուն ցանկանում է բարելավել Թեհրանի հետ հարաբերությունները, թե՞ ոչ»:

Իրանական աղբյուրի փոխանցմամբ՝ օրերս Թեհրանում Ադրբեջանի դեսպանության կողմից անկախության տոնի առթիվ կազմակերպված ընդունելության ժամանակ Իրանի ԱԳ նախարարի տեղակալ Էբրահիմ Ռահիմ Փուրը հաջողություն էր մաղթել Ադրբեջանի նորանշանակ դեսպանին՝ գոհունակություն հայտնելով, որ Իրան է գործուղվել երկրին քաջածանոթ դիվանագետ, գրում է Panorama.am-ը:

Հոդվածի հեղինակը, անդրադառնալով ԻԻՀ փոխարտգործնախարարի վերոնշյալ խոսքին, նշում է. «Պարոն Ռահիմ Փուրն ամենևին էլ տեղյակ չէ, որ Իրանին շատ լավ ծանոթ, պարսկերենին տիրապետող Ադրբեջանի նորանշանակ դեսպանն իր գիտելիքները ներդրել է Իրան-Ադրբեջան հարաբերություններում լարվածություն առաջացնելու գործում»:

Շարունակելով խոսքը՝ հոդվածի հեղինակը հավելում է. «Բոնյադ Հուսեյնովն իրականում 2009-2015թթ. համակարգել է Ադրբեջանի ազգային անվտանգության նախկին նախարար Էլդար Մահմուդովի՝ Իրան-Ադրբեջան հարաբերություններում լարվածություն առաջացնելու գործունեությունը, մասնավորապես՝ ճնշումներ է գործադրել Բաքվում գործունեություն ծավալող իրանցի գործարարների և ուսանողների նկատմամբ, խոչընդոտներ է ստեղծել իրանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների և մշակութային գործիչների համար, հող է նախապատրաստել Իմամ Խոմեյնիի անվան բարեգործական կոմիտեի գործունեության կասեցման համար և այլն», - գրում է իրանական աղբյուրը:

Վերջին տարիներին Իրանի ու Ադրբեջանի միջև լուրջ տարաձայնություններ են նկատվում մշակութային ու պատմական հարցերում: Ըստ իրանական կողմի, Ադրբեջանը հայտնի պարսիկ բանաստեղծ Նիզամի Գյանջևիին ներկայացնում է որպես ադրբեջանցի պոետ, յուրացնում է իրանական երաժշտական գործիքները, չովանգ խաղը, ինչն առաջացնում է Իրանի պաշտոնյաների ու մշակութային գործիչների դժգոհությունը:

Ադրբեջանն ոտնձգություններ է կատարում ոչ միայն պարսկական մշակութային ժառանգության դեմ, այլ նաև հավակնում է Իրանի Հյուսիսային Ադրբեջան գավառին, որի բնակչության մեծ մասը թրքալեզու պարսիկներ են:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---