Զինվորին Գերմանիա տեղափոխելու համար գումար է անհրաժեշտ. Նախարարը խոստացել է, սպասում են

Զինվորին Գերմանիա տեղափոխելու համար գումար է անհրաժեշտ. Նախարարը խոստացել է, սպասում են

PanARMENIAN.Net - Ապրիլյան պատերազմում ծանր վիրավորում ստացած 19-ամյա Ռուբեն Առաքելյանին ամենայն հավանականությամբ շուտով կտեղափոխեն Գերմանիա՝ հետագա բուժումն այնտեղ շարունակելու համար։

Նա գտնվում է Էրեբունի բժշկական կենտրոնում, որտեղ մի քանի վիրահատություն է կատարվել։

Արտերկրում բուժման համար անհրաժեշտ է 90.000 եվրո գումար։

«Հիմա 43.000 եվրոն է պակասում, մնացածը կա հաշվեհամարին։ Դա էլ խոստացել է փոխանցել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։ Մենք շատ շնորհակալ ենք պարոն Օհանյանին, Ռուզաննա Խաչատրյանին և Առողջապահության նախարարությանը։ Ուզում եմ հատուկ նշել նաև Ջրվեժի գյուղապետ Ռոբերտ Պետրոսյանի մասին, ով թե ֆինանսապես, թե հոգեպես առաջին օրվանից եղել է իր համագյուղացի Ռուբենի ընտանիքի կողքին», -ասել է Ռուբենի ազգականը՝ Նարինե Թումանյանը, գրում է «Ա1+»-ը։

«Առողջապահության նախարարությունն այս պահին անհրաժեշտ թղթերն է պատրաստում։ Արդեն ուղեկցող բժշկի հարցն էլ լուծված է։ Մնում է պարոն Օհանյանի խոստացած գումարը փոխանցվի։ Հենց գումարը լինի հաշվեհամարին, Առողջապահության նախարարությունը նաև վիզայի ու մնացած հարցերը կլուծի», - հայտնել է Հանրային խորհրդի անդամ Անահիտ Բախշյանը։

Այժմ զինվորի ինքնազգացողությունը լավ է. «Միայն նեղվում է իր ընդհանուր վիճակից։ Հիմա մի ձեռքը շարժում է, մյուսը դեռ ոչ, ոտքերն էլ դեռ անշարժ են։ Բայց օրական երկու անգամ տանում ենք իրեն դուրս՝ զբոսանքի»,-ասել է ազգականը։

Մայիսի 26-ին հայտնի է դարձել, որ ապրիլյան ռազմական գործողությունների օրերին Արցախում մարտական դիրքերում ծանր վիրավորում ստացած 19-ամյա Արման Լազգիյանը բարեհաջող տեղափոխվել է Համբուրգի «Asklepiosklinik Barmbek Hamburg» կլինիկայի ինտենսիվ բաժանմունք: Տեղափոխումից անմիջապես հետո իրականացվել են բազմապրոֆիլ ախտորոշիչ հետազոտություններ:

Վիրավոր զինծառայողի բուժման մանրամասներն ամեն օր կներկայացվեն ՀՀ առողջապահության նախարարություն:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---