13 մարտի 2007 - 14:49 AMT
Փոխադարձ վստահությունը հակամարտության կարգավորման կարեւոր նախապայմաններից մեկն է
«Հայ ժողովրդի խոհեմությունը դարերի պատմություն ունի: Ժողովուրդը հասկանում է, որ չկան հավերժական թշնամիներ»,-PanARMENIAN.Net-ին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նա հուսով է, որ ադրբեջանցի ժողովուրդն էլ այդ խոհեմությունն ունի: Ինչպես նշել է Վ.Օսկանյանը, փոխվստահությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման կարեւոր նախապայմաններից մեկն է, առանց որի հնարավոր չէ առաջ շարժվել: ԵԱՀԿ Մինսկի խումբը կարեւորում է այդ հարցը եւ փորձում այդ ուղղությամբ տարատեսակ մակարդակներով քայլեր ձեռնարկել:
«Կարծում եմ, որ Ադրբեջանում ծավալող հայերի նկատմամբ նման հակաքարոզչական քաղաքականությունը ոչ միայն հեռանկարային չէ, այլեւ կասկածներ է առաջացնում հարաբերությունների կարգավորման վերաբերյալ նրանց արվող հայտարարությունների անկեղծության մեջ»,-նշել է ՀՀ արտգործնախարարը: Միեւնույն ժամանակ, նա վստահություն է հայտնել, որ աշխարհում գերակա միտումները կհարկադրեն ադրբեջանական իշխանություններին վերանայել իրենց ապակառոցողական մոտեցումները եւ վերջնականապես հրաժարվել ռազմական ուժի միջոցով ղարաբաղյան հակամարտության կարգավորման հնարավոր տարբերակի շահարկումներից:

  • Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ