The New York Times. Մերկելը և Շտայնմայերը ներկա չեն լինի Ցեղասպանության բանաձևի քվեարկությանը

The New York Times. Մերկելը և Շտայնմայերը ներկա չեն լինի Ցեղասպանության բանաձևի քվեարկությանը

PanARMENIAN.Net - Եթե ժամանակակից Գերմանիան կարգախոս ունի, ապա դա այն է, որ մարդիկ պետք է դասեր քաղեն իրենց պատմությունից: Անցյալի հետ հաշտեցման Բեռլինի վերջին փորձի կենտրոնում մեկ դար առաջ Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանություններն են: Եվ այդ քայլը բորբոքել է Թուրքիայի և Եվրոպայի միջև արդեն իսկ լարված հարաբերություններում կրքերը, հայտնում է Tert.am-ը The New York Times-ի վրա հղումով:

Հոդվածում նշվում է, որ լարվածությունն իր գագաթնակետին կհասնի հունիսի 2-ին Գերմանիայի խորհրդարանում կայանալիք բանավեճ- քվեարկության ժամանակ, որտեղ, ինչպես սպասվում է, մեծամասնությունը հավանություն է տալու բանաձևին, որը մեկ դար առաջ տեղի ունեցած հայերի կոտորածները պաշտոնապես ցեղասպանություն է բնորոշում և դատապարտում է այն ժամանակ Թուրքիայի դաշնակից Գերմանական կայսրությանը քայլեր չձեռնարկելու համար:

Թերթը նշում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ինքը հեռախոսազրույցի ընթացքում նախազգուշացրել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, որ բանաձևի ընդունման դեպքում «կլինեն հետևանքներ»:

Բանաձևի քննարկումը տեղի է ունենում Մերկելի համար շատ նուրբ ժամանակահատվածում: Նա հույս է դնում Թուրքիայի վրա Միջին Արևելքից Եվրոպա ներգաղթյալների հոսքը կանգնեցնելու հարցում, քաղաքականություն, որի պատճառով նա քննադատության է ենթարկվել ավելի ու ավելի ավտորիտար դարձող Էրդողանի հետ դաշնակցելու համար:

Մինչ օրս Եվրամիության 28 անդամներից 11-ը ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, և չնայած սկզբնական շրջանում հնչած բողոքներին՝ Թուրքիան լավ հարաբերություններ է պահպանել այս երկրներից մի քանիսի հետ: Երբ Ֆրանսիան 2011 թվականին հաստատեց Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին օրինագիծը, Թուրքիան ժամանակավորապես հետ կանչեց իր դեսպանին և դադարեցրեց երկկողմ ռազմական համագործակցությունը: Անկարայի կողմից նման քայլերն այժմ ավելի բարդ և ավելի վնասակար կլինեն, քանի որ Գերմանիան և Թուրքիան ներկայումս ներգրավված են Էգեյան ծովով Թուրքիայից Հունաստան գնացող ներգաղթյալների նավերը կանգնեցնելու ՆԱՏՕ-ի գործողության մեջ:

Մերկելը և երկու ամենաբարձրաստիճան սոցիալ- դեմոկրատ նախարարները՝ փոխկանցլեր Սիգմար Գաբրիելը և արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը, ներկա չեն լինի խորհրդարանում քվեարկության ժամանակ՝ որպես պատրվակ ներկայացնելով «այլ կառավարական գործերը», գրում է թերթը:

Քվեարկության մոտենալուն պես բանավեճն ուժեղացել է Գերմանիայում, որտեղ բնակվում է թուրքական ծագում ունեցող մոտ 3 միլիոն մարդ, որոնցից շատերը երկքաղաքացիություն ունեն: Անգամ թուրքական համայնքից հայտնի ձախ քաղաքական գործիչները տարաձայնություններ ունեն միմյանց հետ:

Ջեմ Օզդեմիրը՝ ընդդիմադիր Կանաչների կուսակցության համանախագահը, բանաձևն առաջ մղողներից է։ Բանաձևը պաշտպանող կուսակցությունները պնդում են, որ Գերմանիան չի խրատում թուրքերին, այլ դա մի քայլ է, որն ուղղված է թուրքերի և հայերի միջև հաշտեցմանը նպաստելուն՝ խրախուսելով նրանց ուսումնասիրել իրենց պատմությունը:

Մերկելի պահպանողական դաշինքից խորհրդարանական Միխաել Գրոս- Բրյոմերը հիշեցրել է, որ նախնական մտադրությունն անցած տարի սպանությունների 100-ամյա տարելիցը հիշատակելն էր և փորձելը հասկանալ և ընդունել պատմության այդ բարդ դրվագը:

«Մտադրությունը մեկին մեղադրելը չէ»,- ասել է Գրոս-Բրյոմերը: «Բանաձևը միտված չէ հուսալի գործընկեր և ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի հետ հարաբերությունները վնասելուն»,- ասել է նա: Ինտեգրման հարցերով Գերմանիայի կառավարության հանձնակատար Այդան Օզոգուզը հայտարարել է, որ չնայած նա կքվեարկի բանաձևի օգտին, բայց չի կարծում, որ դա ճիշտ ճանապարհն է:

Ինչպես նշում է թերթը, Մերկելը փորձում է հավասարակշռություն պահպանել: Երբ անցած շաբաթ ՄԱԿ-ի համաժողովի համար նա այցելել էր Ստամբուլ, նա Թուրքիայի նախագահի հետ հանդիպումից առաջ հանդիպել էր Էրդողանին քննադատող թուրք մտավորականների և փաստաբանների հետ:

Հայկական բանաձևը ցույց է տվել Թուրքիայի հետ հարաբերվելու բազմաթիվ նրբությունները: Օզդեմիրը նշել է, որ Մերկելը և նրա արտգործնախարար Շտայնմայերն անցած գարնանը պնդել են քվեարկությունը հետաձգելու հարցում։ Դա ներգաղթային ճգնաժամից առաջ էր, երբ Գերմանիայի և Թուրքիայի միջև հարաբերություններն ավելի քիչ բարդ էին:

Շտայնմայերը, ով մեկնել է Լատինական Ամերիկա, հերքել է Օզդեմիրի քննադատությունը՝ նշելով, որ նուրբ դիվանագիտական հարցերում միշտ բարդ գործոններ կան: Նրա խոսնակը՝ Մարտին Շեֆերը, հայտարարել է, որ արտգործնախարարությունը հուսով է, որ հարաբերություններին լուրջ վնաս չի հասցվի հինգշաբթի օրվա քվեարկությունից հետո:

Թերթը հիշեցնում է նաև, որ Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշն այս շաբաթ կոչ է արել Գերմանիային «զգուշորեն գործել», մասնավորապես՝ իր մեծ թուրքական համայնքի պատճառով:

Հունիսի 2-ին Գերմանիայի Բունթեսթագում քվեարկության է դրվելու Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը: Դա առաջացրել է Թուրքիայի ղեկավար և ընդդիմադիր շրջանակների զայրույթը, որոնք ամեն կերպ ձգտում են խափանել Գերմանիայի խորհրդարանի կողմից ցեղասպանության ճանաչումը:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---