Փոխգնդապետը $12.000 էր պահանջել առողջական խնդիրներով զորակոչիկի տարկետման համար

Փոխգնդապետը $12.000 էր պահանջել առողջական խնդիրներով զորակոչիկի տարկետման համար

PanARMENIAN.Net - ՀՀ քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնել ՊՆ զինկոմիսարիատի 2-րդ բաժանմունքի պետ, փոխգնդապետ Շանթ Ավետիսյանի ձերբակալության վերաբերյալ:

Համաձայն ՔԿ հաղորդագրության, Ավետիսյանը քաղաքացուց պահանջել է 12 հազար դոլար կաշառք՝ որդու 3 տարի ժամկետով տարկետման տրամադրումը կազմակերպելու համար։ Զորակոչի տարիքի հասած երիտասարդն ունեցել է առողջական խնդիրներ՝ հարթաթաթություն և նյարդային խանգարում։

Հաղորդման հիման վրա հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և ձեռնարկվել անհրաժեշտ գործողություններ՝ հաղորդման մեջ մատնանշված հանգամանքներն ստուգելու համար։ Իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակներում պահանջված գումարի մի մասը՝ նախապես մշակված $5000-ը, հունիսի 1-ին տրվել է քաղաքացուն, ինչը վերջինս նույն օրը երեկոյան փոխանցել է բաժանմունքի պետին՝ պայմանավորված վայրում տեղի ունեցած հանդիպման ժամանակ։

Օրենքով սահմանված կարգով Շ.Ավետիսյանի ավտոմեքենայում իրականացված խուզարկության ընթացքում հայտնաբերվել և առգրավվել է կաշառքի առարկա դոլարը: Շ.Ավետիսյանը ձերբակալվել է և հարցաքննվել։

Մայիսի 30-ի ուշ երեկոյան ձերբակալվել էին գեներալ Մելս Չիլինգարյանը, գնդապետեր Մհեր Պապյանը և Արմեն Մարգարյանը: Նրանք կասկածվում են ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարք կատարելու, այն է՝ իշխանությունը չարաշահելու, իշխանազանցության կամ անգործության մեջ, որն առաջացրել է ծանր հետևանքներ, հայտնում է քննչական կոմիտեն։

Մեկ այլ քրեական գործով ՀՀ ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի քիմիական, ինժեներական և հետախուզական միջոցներով ապահովման բաժնի պետ, գնդապետ Մհեր Պապյանը կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարք կատարելու՝ ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու մեջ, որն առաջացրել է ծանր հետևանքներ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---