Վրաստանի խորհրդարանը միաձայն հռչակագիր է ընդունել է ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության վերաբերյալ

PanARMENIAN.Net - Վրաստանի խորհրդարանը 160 «կողմ» ձայներով մարտի 13-ին ընդունել է Հյուսիսատլանտյան դաշինքին` ՆԱՏՕ-ին Վրաստանի լիարժեք եւ ժամկետային ընդունման մասին հռչակագիրը: Հռչակագրին հավելվում է քաղաքական ուժերի հուշագիրը, որի տակ ստորագրել են բոլոր խորհրդարանական խմբակցությունների եւ խորհրդարանում ներկայացված քաղաքական կուսակցությունների ղեկավարները: Հուշագիրը բաց է ոչ խորհրդարանական քաղաքական ուժերի համար, որոնք աջակցում են Վրաստանի անդամակցությանը ՆԱՏՕ-ին: Հռչակագրում եւ Հուշագրում ասվում է Վրաստանի արտաքին եւ ներքին պաշտպանության քաղաքականության հզորացման մասին` հետագայում եվրաատլանտյան կառույցների հետ ինտեգրվելու նպատակով, ՆԱՏՕ-ի հետ Ինտենսիվ երկխոսության ձեւաչափին միանալիս Վրաստանի ստանձնած բոլոր պարտավորությունների կատարման արագացման մասին, ՆԱՏՕ-ի հովանու տակ ընթացող ռազմական գործողություններին Վրաստանի ԶՈՒ մասնակցության ընդլայնման մասին, Վրաստանին սպառնացող բոլոր նոր վտանգների եւ ռիսկերի վերանայման եւ պետության անվտանգությունը առավելագույնս պաշտպանելու անհրաժեշտության մասին: Ասվում է նաեւ պետական բյուջեի հաստատման ժամանակ բոլոր անհրաժեշտ ֆիանանսական ռեսուրսները նախատեսելու մասին, որոնք թույլ կտան ապահովել Հռչակագրով նախատեսված պարտավորությունների կատարումը:



Ինչպես հայտարարել է արարողության ժամանակ Վրաստանի խորհրդարանի խոսնակ Նինո Բուրջանաձեն, սա շատ կարեւոր փաստաթուղթ է, որը գրանցում է երկրի քաղաքական դաշտի միասնական դիրքորոշումը: «Նման փաստաթղթի ստորագրումը հատկապես կարեւոր է Վերին Աբխազիայում կատարվող իրադարձությունների ֆոնի վրա: Ողջ վրաց ժողովրդի համար ՆԱՏՕ-ն գերակայություն է: Այդ կազմակերպության հետ են կապված Վրաստանի տարածքային ամբողջականության վերականգնման եւ երկրի ինքնիշխանության պաշտպանության հետ կապված հույսերը: ՆԱՏՕ-ն է մնում տարածաշրջանում կայունության եւ խաղաղության միակ երաշխավորը»,-նշել է Բուրջանաձեն, հաղորդում է «Նովոստի-Գրուզիան»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---