Ադրբեջանցիների մեծ մասը կարծում է, որ Ղարաբաղում պատերազմ չի լինի

PanARMENIAN.Net - Ադրբեջանի քաղաքացիների միայն 12,7 տոկոսն է համարում, որ Լեռնային Ղարաբաղում պատերազմը կվերսկսվի: Այդ մասին են վկայում ավելի քան հազար ադրբեջանցիների հարցման արդյունքները, որ հրապարակել է ադրբեջանցի քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովը: Սոցիոլոգիական հետազոտությունն անց է կացվել 2006 թվականի դեկտեմբերին 1000 հոգու շրջանում Ադրբեջանի 15 շրջաններում եւ 12 քաղաքներում: Ըստ Մուսաբեկովի, հարցվածների 46,7 տոկոսը համարում է, որ ղարաբաղյան գործընթացում կշարունակվի «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» իրավիճակը: Հարցման ենթարկվածների 38,4 տոկոսը պատասխանել են, որ բանակցային գործընթացում տեղաշարժ կարող է գրանցվել ղարաբաղյան հակամարտության խաղաղ լուծման ուղղությամբ:



Ընդ որում ադրբեջանցիների գրեթե կեսը` 59,4 տոկոսը ոչ մի փոխզիջում ընդունելի չի համարում ղարաբաղյան հարցի լուծման առումով, 11,5 տոկոսը` կողմ է Լեռնային Ղարաբաղին «մշակութային ինքնավարության եւ տեղական ինքնակառավարման» տրամադրմանը, 9,5 տոկոսը` Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության նմանությամբ ինքնավարության տրամադրմանը, եւ եւս 11,1 տոկոսը համարում է, որ «ինքնահռչակ հանրապետության կարգավիճակը պետք է որոշվի հանրաքվեի միջոցով այն պայմանով, որ տեղահանված ադրբեջանցիները վերադառնան իրենց տարածքներ», հաղորդում է «Նովոստի-Ազերբայջանը»:



Հիշեցնենք, որ ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է պայքարել Լեռնային Ղարաբաղի համար «ռազմական ուժի» միջոցով: Այդպես անցյալ տարվա հոկտեմբերին թուրքական «Ջումհյուրիեթ» թուրքական թերթին տված հարցազրույցում Ալիեւն ընդգծել է, որ «պատերազմը չի բացառվում, երբեք չի բացառվում»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---