7 հունիսի 2016 - 12:09 AMT
ՀՀ-ում աշխատող ռուս գործարարները բացառիկ բուժսարքավորում են նվիրել «Մուրացան» հիվանդանոցին

Հայաստանում աշխատող ռուս գործարարները «Մուրացան» համալսարանական հիվանդանոցին բժշկական սարքավորում են նվիրել, որը մշտական հսկողության տակ է պահում արյան մեջ առկա շաքարի մակարդակը, հայտնում է «Sputnik Արմենիան»:

Ինչպես տեղեկացրել է Հայաստանի ԱՆ գլխավոր մանկական էնդոկրինոլոգ Ելենա Աղաջանովան, սարքավորումն անհրաժեշտ է դիաբետով հիվանդ մարդկանց համար, ովքեր ինսուլինի անհրաժեշտ քանակը որոշելու հետ կապված խնդիրներ ունեն: «Այն 3-6 օր ամրացվում է երեխայի մարմնին և յուրաքանչյուր հինգ վայրկյանը մեկ չափում է գլյուկոզայի պարունակությունը»,-ասել է Աղաջանովան։

«Մուրացանը» Հայաստանում գործող միակ կլինիկան է, որը մանկական էնդոկրինոլոգիայի ծառայություններ է մատուցում: «Մեր կլինիկային կից հանրապետական դիսպանսեր է գործում, որտեղ գրանցված են դիաբետով հիվանդ երեխաների 95 տոկոսը։ Ոչ մի հիվանդանոց նման սարքավորում (iPro2) դեռ չունի։ Սարքի արժեքը 2 հազար դոլար է գնահատվում»,-ասել է Աղաջանովան։

Նրա խոսքով` մարդու մարմնին միացվող սարքն օգտագործելու համար անհրաժեշտ է հատուկ սենսոր ձեռք բերել, որը կգրանցի անհրաժեշտ տվյալները։

Պետությունն ինսուլինն անվճար է տրամադրում, սակայն հետազոտությունը (ինչպես նաև մեկանգամյա օգտագործման սենսորների գնումը) ընդհանուր առմամբ շուրջ 60 հազար դրամ կարժենա։

«Մուրացան» համալսարանական հիվանդանոցի գլխավոր բժիշկ Բագրատ Բավեյանն հավելել է, որ սարքն առաջին անգամ է օգտագործվելու բժշկական պրակտիկայում: «Սարքը թույլ կտա հստակ ախտորոշում իրականացնել և դոզավորել դուրս գրվող ինսուլինի քանակը»,-նշել է Բավեյանը։

Նվիրատուները «Հերմես» ակումբի անդամներն են, որի կազմում Հայաստանում գործող մոտ 35 ռուսական ընկերություն է ընդգրկված։ Ակումբը գործում է Ռուսաստանի դեսպանատանը կից, և այն ղեկավարում է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը։

Մասնագետները հայտնել են, որ Հայաստանում մինչև 18 տարեկան դիաբետիկների թիվը հասնում է 482-ի, իսկ ընդհանուր հաշվով այդ ցուցանիշը հասնում է 80 հազարի։ Սարքավորման օգնությամբ իրականացվող հետազոտության կարիք ունի նրանց 50 տոկոսը։