Մերկել. Գերմանիան կաջակցի ղարաբաղյան կարգավորմանը

Մերկել. Գերմանիան կաջակցի ղարաբաղյան կարգավորմանը

PanARMENIAN.Net - Գերմանիան որպես ԵԱՀԿ նախագահ կնպաստի ղարաբաղյան կարգավորմանը և կսատարի այդ խնդրի վերաբերյալ շփումներին, այդ թվում Ռուսաստանի հետ: Այդ մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ մամուլի ասուլիսում:

«Համանախագահներն ընդհանուր առմամբ, այդ թվում Ռուսաստանը, վճռական դերակատարություն կունենան ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում»,-ասել է կանցլերը:

Նա նշել է, որ Գերմանիան կօգտագործի իր կապերը ռուս, ամերիկացի և ֆրանսիացի համանախագահների հետ այդ խնդրի կարգավորման համար, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Գերմանիան հիմա նախագահում է ԵԱՀԿ-ում և ցանկանում է, որ հակամարտությունը խաղաղ կարգավորվի»,-ասել է Մերկելը: Ըստ նրա, հարկավոր է հասնել ոչ միայն հրադադարի ռեժիմի պահպանմանը, այլ նաև առաջընթացի քաղաքական գործընթացում: Ընդ որում Գերմանիայի կառավարության ղեկավարը հայտարարել է, որ քայլ առաջ կատարելու համար անհրաժեշտ է բոլոր կողմերի կամքը:

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական կողմը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ սկսել է լայնածավալ հարձակողական գործողություններ, կիրառել է իր զինանոցում եղած ռազմական տեխնիկայի գրեթե բոլոր հնարավոր տեսակները: ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 13 ԱԹՍ: Ապրիլի 5-ին Մոսկվայում Հայաստանի ու Ադրբեջանի ԶՈւ գլխավոր շտաբերի պետերի միջև ժամը 12:00-ից կրակի դադարեցման մասին երկկողմանի պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ բանակցություններ անցկացնելու պայմանով: Սակայն ադրբեջանական կողմը շարունակում է գնդակոծել ինչպես ղարաբաղյան, այնպես էլ ՀՀ դիրքերը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---