ԱՄՆ-ի Ջինա Բախաուերի հեղինակավոր մրցույթին ՀՀ-ից կմասնակցի դաշնակահար Կուրբերտը

ԱՄՆ-ի Ջինա Բախաուերի  հեղինակավոր մրցույթին ՀՀ-ից կմասնակցի դաշնակահար Կուրբերտը

PanARMENIAN.Net - Հունիսի 13-18-ը, ԱՄՆ-ի Սոլթ Լեյք Սիթի քաղաքում կանցկացվի Ջինա Բախաուերի անվան դաշնակահարների 17-րդ միջազգային մրցույթը, որին կմասնակցեն պատանի դաշնակահարներ` Հայաստանից, Չինաստանից, ԱՄՆ-ից, Ճապոնիայից, Կորեայից, Իտալիայից, Գերմանիայից, Հոնգ Կոնգից, Լիտվայից:

Ջինա Բախաուերի անվան դաշնակահարների միջազգային մրցույթն աշխարհի հեղինակավոր և հայտնի ստուգատեսներից է: Այս տարի այն անցկացվում է կրտսեր տարիքային խմբի համար՝ 11-14 տարեկան: Մրցույթի մրցանակային ֆոնդը կազմում է ավելի քան $60.000 Մրցույթի դափնեկիրները համերգներով հանդես կգան աշխարհի հեղինակավոր համերգասրահներում:

Տարբեր տարիների մրցույթի դափնեկիրներ են դարձել այնպիսի հայտնի դաշնակահարներ, ինչպիսիք են Լուկաս Գենիուշասը, Վադիմ Խոլոդենկոն, Ջորջ Լին, Ալեսիո Բակսը, Սթիվեն Բյուզը և այլք:

Պրոֆեսիոնալ երաժշտական աշխարհում հեղինակավոր երեք փուլից բաղկացած այս մրցույթին մասնակցելու հայտ են ներկայացրել աշխարհի ավելի քան 300 երիտասարդ կատարող: Նախընտրական փուլի կենդանի լսումները կայացել են 2015-ին, Միլանում, Մոսկվայում, Համբուրգում, Տոկիոյում, Պեկինում, Սեուլում, Սոլթ Լեյք Սիթիում, Նյու Յորքում, ինչպես նաև Երևանում: Արդյունքում, բուն մրցույթին մասնակցելու իրավունք է ստացել 12 դաշնակահար:

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ՝ Հայաստանից մրցույթին կմասնակցի պատանի դաշնակահար Անդրեյ Կուրբերտը:

Պատանի դաշնակահարը սովորում է Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցում, ՀՀ վաստակավոր արտիստ Արմեն Բաբախանյանի դասարանում: Անդրեյը միջազգային և հանրապետկան մի շարք մրցույթների դափնեկիր է, «ՀՀ և ԼՂՀ տաղանդավոր պատանի երաժիշտ-կատարողների զարգացման և կատարելագործման նպատակային ծրագրի» անդամ:

Պատանի դաշնակահարը մրցույթում կկատարի Լյուդվիգ վան Բեթհովենի, Սերգեյ Պրոկոֆևի, Յոհաննես Բրամսի, Առնո Բաբաջանյանի, Ֆերենց Լիստի ստեղծագործությունները:

ՀՀ վաստակավոր արտիստ Արմեն Բաբախանյանը ևս հանդիսանում է վերոնշյալ մրցույթի դափնեկիր:

Ջինա Բախաուերի անվան դաշնակահարների 17-րդ միջազգային մրցույթը կհեռարձակվի ուղիղ և առցանց՝ www.bachauer.com կայքում:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---