Հայաստանի մասին ֆրանսիական նոր կատակերգություն է նկարահանվել

Հայաստանի մասին ֆրանսիական նոր կատակերգություն է նկարահանվել

PanARMENIAN.Net - Հունիսի 8-ին Ֆրանսիայում տեղի է ունեցել հայազգի ռեժիսոր Սերժ Ավեդիքյանի «Նա, ում սպասում էին» կատակերգության պրեմիերան։ Մեկուկես ժամ տևողությամբ ֆիլմի նկարահանումները տեղի են ունեցել Հայաստանում՝ սահմանամերձ Խաչիկ գյուղում։

Ինչպես հայտնում է Francetvinfo-ն, գլխավոր հերոսը՝ Ժան-Պոլ Բոլզեկը (Պատրիկ Շենե), մեկնում է Ադրբեջան՝ այստեղ գործող ֆրանսիական մի ընկերության համար ներկայացման մեջ խաղալու։ Օդանավակայան վերադառնալու ճանապարհին տաքսին փչանում է․ Բոլզեկը հայտնվում է մի անապատային վայրում՝ ճամփին մեն-մենակ։ Չհասկանալով կատարվածը՝ նա ոտքով հատում է Հայաստանի հետ սահմանը և հայտնվում անհայտ երկրում ուր, չճանաչելով տեղացիների ոչ լեզուն, ոչ էլ գիրը՝ շատ արագ հասկանում է, որ նրանց համար ինքը կարծես այլմոլորակային մեկն է՝ իրենց համար եկած առաքյալ:

«Բոլզեկի համար այդ ամենը կարծես Մարս մոլորակի վրա գտնվող մի գյուղական քաղաքակրթության հետ հանդիպում լինի։ Սկզբում որպես լրտես ընդունվելով՝ Բոլզեկը սակայն արագ հարմարվում է միջավայրին, դառնում նրանցից մեկը, մեծ էնտուզիազմով ներգրավվում գյուղական գործերում։ Տեղացիները, իրենց հերթին, մի լուսանկար ցույց տալով՝ փորձում են ապացուցել, որ Ժան-Պոլի հայրը ծագումով իրենց գյուղից է և հետագայում գաղթել է Գրենոբլ, որտեղ էլ ծնվել է Բոլզեկը։ Նա շատ արագ ընդունվում և սիրվում է գյուղացիների կողմից։ Բայց ոստիկանության թարգմանչուհին (Արսինե Խանջյան) Բոլզեկին շուտով հասկացնում է, որ այդ ամենը լեգենդ է։ Նրան պատմում է, որ հայերը 1915-ի Ցեղասպանության հետևանքով էին ստիպված եղել գաղթել Ֆրանսիա, դարձել ֆրանսիացի, որոնց մուտքը հայկական գյուղում ընդունվում է իբրև անառակ որդու վերադարձ», - գրում է աղբյուրը։

Սակայն թարգմանչուհու ասածները զուր են, որովհետև հայ գյուղացիների ջերմ վերաբերմունքից շոյված Բոլզեկը Ֆրանսիա վերադառնալու փոխարեն որոշում է ամբողջովին նվիրվել իր առաքելությանը:

«Ռեժիսոր Սերժ Ավեդիքյանի կատակերգությունը ծիծաղաշարժ է, լավատեսական, միաժամանակ նաև շատ հուզիչ։ Նշանավոր դերասանը երևան է հանում անվերջանալի հակամարտության մեջ թաղված երկրի (Հայաստանի) անուրանալի ճշմարտությունը, հակամարտություն, որը խամրում է այդ երկրի հրաշալի բնության գեղեցկության և աշխարհի առջև բաց այդ ժողովրդի ու հատկապես նրա երիտասարդության սրտաբացության և բարյացակամության առջև, և այդ ամենը՝ ի հակադրություն երկրի շրջափակման հետևանքով առաջ եկած կյանքի հիասթափությունների», - նշվում է գրախոսականում:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---