ՀԲ. Առաջիկա տարիներին Հայաստանում ՀՆԱ աճը չի գերազանցի 3%-ը

ՀԲ. Առաջիկա տարիներին Հայաստանում ՀՆԱ աճը չի գերազանցի 3%-ը

PanARMENIAN.Net - Առաջիկա երեք տարիներին Հայաստանում ՀՆԱ-ի աճը չի գերազանցի 3 տոկոսը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը Համաշխարհային բանկի տվյալների վրա հղումով:

Համաշխարհային տնտեսության հեռանկարներն ամփոփող այս ծավալուն զեկույցի համաձայն՝ 2016-ին ՀՆԱ-ի իրական աճը Հայաստանում կկազմի 1.9 տոկոս: «2017-ին և 2018-ին տնտեսական աճի տեմպերը Հայաստանում փոքր-ինչ կարագանան», - նշել են ՀԲ-ի փորձագետները` կանխատեսելով, որ հաջորդ տարի ՀՆԱ-ի իրական արտահայտությամբ աճը երկրում 2.8, իսկ 2018-ին` 2.9 տոկոս կկազմի:

Համաշխարհային բանկի տվյալների համաձայն՝ 2016 թվականը Ադրբեջանի համար վատթարագույնը կլինի վերջին 20 տարիների ընթացքում` երկիրը տարին կփակի 1.9 տոկոս տնտեսական անկմամբ: Վերջին անգամ Ադրբեջանում ՀՆԱ-ի անկում արձանագրվել էր հեռավոր 1995 թվականին: 2017 թվականին արդեն, մասնագետները Ադրբեջանում կրկին ՀՆԱ-ի աճ են կանխատեսում` նշելով, սակայն, որ այն աննշան է լինելու և չի գերազանցելու 1 տոկոսը: 2018-ին Ադրբեջանում տնտեսական վիճակը փոքր-ինչ կբարելավվի և ՀՆԱ-ի աճն իրական արտահայտությամբ կկազմի արդեն 1.3 տոկոս:

Դատելով Համաշխարհային բանկի հրապարակած տվյալներից` հարավկովկասյան պետությունների շարքում առավել բարվոք տնտեսական վիճակում է Վրաստանը: ՀԲ-ի կանխատեսումների համաձայն՝ 2016 թվականը Վրաստանը կամփոփի 3 տոկոս աճով: 2017-ին ՀՆԱ-ի աճը Վրաստանում կկազմի 4,5, իսկ 2018-ին՝ 5 տոկոս:

ՀԲ-ի մասնագետները նաև փորձել են պարզել այն հիմնական գործոնները, որոնք ազդում են այս կամ այն պետության տնտեսական կացության վրա:

Հայաստանի պարագայում բացասաբար ազդող գործոններից են նախևառաջ ՌԴ տնտեսությունում նկատվող անկումը, որն, ի դեպ, այս տարի ավելի քան 1 տոկոս է կազմելու, ինչպես նաև մասնավոր դրամական փոխանցումների ծավալի նվազումը:

Վրաստանի դեպքում տնտեսական աճը դանդաղեցնող գործոններից են էներգակիրներով հարուստ գործընկեր պետություններում` նախևառաջ Ադրբեջանում արձանագրվող անբարենպաստ զարգացումները:

Բանկի կանխատեսմամբ՝ նավթի գինը երկարաժամկետ կտրվածքով շարունակելու է ցածր մակարդակի վրա գտնվել, ինչը նշանակում է, որ Ադրբեջանը, ինչպես նաև էներգակիրներով հարուստ մյուս հետխորհրդային պետությունները` Ռուսաստանն ու Ղազախստանը, «կրկին բախվելու են ֆինանսական խնդիրների, կուտակած պահուստները շարունակելու են նվազել, իսկ արտարժույթի փոխարժեքը լուրջ շուկայական ճնշման է ենթարկվելու»:

Ավելի վաղ Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի ղեկավար Լորա Բեյլին հայտարարել էր, որ Ռուսաստանի դեմ գործող պատժամիջոցների հնարավոր չեղարկումը կարող է դրական անդրադառնալ ՀՀ տնտեսության վրա:ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ ՀՀ տնտեսական աճը 2016-ի առաջին եռամսյակում կազմել է 4.4%: ՀՆԱ-ի ծավալը կազմել է 898.2 մլրդ դրամ ՝ 2015-ի առաջին եռամսյակի 881.2 մլրդ դրամի դիմաց: 2016-ի հունվար-ապրիլին արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է մոտ 421 մլրդ դրամ՝ 2015-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 10%-ով:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---