10 հունիսի 2016 - 11:24 AMT
Արոնյանը Grand Chess Tour-ում 7-րդն է 5 տուրից հետո

Շախմատի Հայաստանի հավաքականի անդամ Լևոն Արոնյանը Փարիզի Grand Chess Tour մրցաշարի 5 տուրից հետո զբաղեցնում է միայն 7-րդ տեղը:

Փարիզում ընթացող շախմատային մրցաշարում խաղացվել է արագ շախմատի 5 տուր, որտեղ Արոնյանը տոնել է մեկ հաղթանակ, երկու պարտիա ավարտել է ոչ ոքի արդյունքով և պարտվել երկուսում: Այժմ Արոնյանն ունի 4 միավոր, տեղեկացնում է ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեն:

Առաջատարը Մագնուս Կարլսենը և Հիկարու Նակամուրան են:

Հունիսի 11-ին և 12 գրոսմայստերները կմրցեն արդեն կայծակնային շախմատում:

Մրցաշարի մասնակիցներն են Լևոն Արոնյանը, Մագնուս Կարլսենը, Ֆաբիանո Կարուանան, Վլադիմիր Կրամնիկը, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Հիկարու Նակամուրան, Անիշ Գիրին, Ուեսլի Սոն, Վեսելին Թոփալովը և Լորան Ֆրեսինեն: