10 հունիսի 2016 - 14:34 AMT
ԱԺ փոխխոսնակ. ՀԱՊԿ-ին անդամակցումը ՀՀ-ին անհրաժեշտ է

Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին անհրաժեշտություն է և պետք է զարգանա: Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԺ փոխխոսնակ և ՀՀԿ քարտուղար Էդուարդ Շարմազանովը:

«Հայաստանը դարձել է ՀԱՊԿ անդամ, ելնելով սեփական շահերից: Բոլոր խնդիրներով հանդերձ ՀՀ մասնակցությունը կազմակերպությանն արդարացված է և այն պետք է զարգացնել»,-ասել է Շարմազանովը:

Ըստ նրա, Հայաստանն այնպիսի տարածաշրջանում է գտնվում, որտեղ երկու կողմից սահմանակից է թուրքական պետություններին: Վտանգը բխում է ոչ միայն Ադրբեջանից, այլ նաև Թուրքիայից, որը պանթուրքիստական գաղափարներով է ապրում: Այս փաստը ևս մեկ անգամ հաստատվեց, երբ Թուրքիայի վարչապետը հայտարարեց, որ Ադրբեջանի թշնամիները նաև իրենց թշնամիներն են:

Այս պայմաններում Շարմազանովը հորդորեց ոչ թե բողոքել ՌԴ, ԱՄՆ կամ Ֆրանսիայի դեմ, այլ հասկանալ, որ Հայաստանի հանդեպ թշնամաբար են տրամադրված Թուրքիան և Ադրբեջանը, հայտնում է «Sputnik-Արմենիա»-ն: «Մենք պետք է ապահովենք մեր անվտանգությունը, իսկ Թուրքիայի հետ նույն դաշինքում Հայաստանն ապագա չունի»,-ասել է Շարմազանովը:

ՀՀ Պաշտպանության նախարարությունը «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» Համաձայնագրի վերաբերյալ տեղեկանք է հրապարակել:

Համաձայնագրի 1-ին հոդվածով Հավաքական անվտանգության առանձին շրջան» հասկացությունը բնորոշվում է որպես Հայաստանի Հանրապետության տարածքի և օդային տարածության սահմաններում տարածաշրջանի մաս: Այդ իսկ պատճառով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում նշված Համաձայնագիրը չի գործում, հետևաբար այն չի ազդում ՀՀ և ԼՂՀ պաշտպանության նախարարությունների համագործակցության վրա: Ինչ վերաբերում է ԱՊՀ ՀՕՊ միավորված համակարգին, որի մեջ մտնում է ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերի միայն մի մասը, նույնպես հայկական կողմին չի զրկում ինքնուրույնությունից, հակառակը` ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը, համակարգի զարգացման նպատակով, ԱՊՀ ՀՕՊ միավորված համակարգի շրջանակներում տարեկան կտրվածքով ստանում են դոտացիա»: