«Հայաստան ՏՏ» ֆորում՝ Սիլիկոնյան հովտում. Քննարկվում է հայկական ստարտափների զարգացման հարցը

«Հայաստան ՏՏ» ֆորում՝  Սիլիկոնյան հովտում. Քննարկվում է   հայկական ստարտափների զարգացման հարցը

PanARMENIAN.Net - Հունիսի 10-ին, Սիլիկոնյան հովտում (ԱՄՆ), Սինոփսիս Մաունթին Վյու կամպուսում մեկնարկել է ‹‹Հայաստան ՏՏ» ֆորումը, որն անցկացվում է ԱրմԹեքի շրջանակում:

Ֆորումի նպատակն է ներկայացնել և քննարկել Հայաստանի ՏՏ ոլորտի զարգացման միտումները և դիրքավորման հեռանկարները միջազգային ասպարեզում, խթանել միջազգային համագործակցությունը և ներդրումների ներգրավումը, նպաստել ոլորտի մասնագետների միջև համագործակցության կայացմանը:

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամից տեղեկացնում են, ‹‹Հայաստան ՏՏ ֆորումի›› ուշադրության կենտրոնում կլինեն հայկական ստարտափների զարգացմանը վերաբերող հարցեր, ինչպես նաև կամփոփվեն Հայաստան-ԱՄՆ ՏՏ ոլորտի աքսելերացիոն ծրագրի արդյունքները, գրում է Panorama.am-ը:

Միջոցառման օրակարգում ներառված են հետևյալ թեմաները՝ Հայաստանի ՏՏ ոլորտի զարգացումները և հաջողության պատմությունները, նորաստեղծ ընկերությունների գլոբալ էկոհամակարգի ստեղծումը և կապը համաշխարհային շուկայի հետ, մարտահրավերները և ներդրումային հնարավորությունները Հայաստանում, կրթության դերը նորաստեղծ ընկերությունների ներուժը բացահայտելու գործում:

Միջոցառումն իրականացվում է ՀՀ կառավարության, Համաշխարհային բանկի և ‹‹Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից` ‹‹Ձեռներեցության զարգացման և ղեկավարների վերապատրաստման կենտրոն» (CEED) հիմնադրամի և ‹‹Սինոփսիս» ընկերության աջակցությամբ: Գործընկերներն են` ‹‹Մայքրոսոֆթ», ‹‹ԱյԲիԷմ», ‹‹ՊիկսԱրթ», ‹‹Հյուլեթ-Փաքարդ» ընկերությունները, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը և ՏՀՏ գործատուների միությունը:

Հայաստանում գործում է մոտ 450 ՏՀՏ ընկերություն: 10 տարում ընկերությունների քանակն աճել է 300%-ով, իսկ 2014-ի համեմատ՝ 13.6%-ով: Այս ընկերությունների մեծ մասը՝ մոտ 88%-ը, տեղակայված է Երևանում, այնուամենայնիվ, մարզային զարգացման ծրագրերի շրջանակներում աճում է նաև ՀՀ այլ մարզերում, հատկապես Շիրակում և Լոռիում գործող ընկերությունների թիվը: 2015 թվականին գրանցված 70 նոր ընկերությունները ստեղծվել են շուրջ 400 նոր հաստիք, իսկ ընդհանուր ոլորտը՝ մոտ 1200 նոր աշխատատեղ: Ոլորտում զբաղվածների թիվը հասել է 12685-ի (տարվա կտրվածքովվ մոտ 10% աճ): Տեխնիկական մասնագետների (ծրագրային ապահովման ճարտարագետներ, վերլուծաբաններ, ծրագրավորողներ, ՏՏ ծրագրերի ղեկավարներ և այլն) թիվը հասել է 10250-ի: Ընդհանուր առմամբ, ոլորտում ներգրավված աշխատողների, այդ թվում՝ օժանդակ անձնակազմի անդամների թիվը հասնում է մոտ 15000-ի:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---