13 հունիսի 2016 - 13:28 AMT
Կյանքից հեռացել է երգչուհի Օֆելյա Համբարձումյանը

Հունիսի 13-ին 91 տարեկանում մահացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստուհի Օֆելյա Համբարձումյանը:

Մահվան լուրը հաստատեցին ՀՀ մշակույթի նախարարությունից, գրում է Panorama.am-ը:

Օֆելա Համբարձումյանը ծնվել է 1925թ. հունվարի 9-ին: Ապագա երգչուհին սովորել և ավարտել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանն ու հրավիրվել ռադիոյի ժողովրդական նվագարանների անսամբլ` մի ամբողջ կյանք ապրելով այստեղ, մի ամբողջ կյանք նվիրելով Արամ Մերանգուլյանի գլխավորած անսամբլին, որը միշտ հավատարիմ մնաց հայ աշուղական, ժողովրդական երգարվեստին, նպաստեց կոմպոզիտորական երգի ստեղծմանն ու տարածմանը։ 1944-ից՝ հեռուստատեսության և ռադիոյի ժողովրդական գործիքների անսամբլի մեներգչուհի էր։

Երգացանկն ընդգրկում է հիմնականում հայ ժողովրդական, գուսանական և աշուղական, ինչպես նաև՝ կոմպոզիտորական երգեր։ Երգչուհու ստեղծագործության մեջ առաջնային տեղ են գրավել Սայաթ-Նովայի ստեղծագործությունները` «Ես կանչում եմ լալային», «Չկա քիզի նման» և այլն։ Երգել է Ֆարհադի, Միսկին Բուրջիի, Ջիվանու, Շերամի երգերը։

Աշուղներ Հավասու, Աշոտի և Շահենի ստեղծագործություններից շատերի առաջին կատարողն ինքը եղավ: Աշուղ Աշոտը խոստովանել է, որ «Օջախում», «Դու ծաղկավառ Զանգեզուրի» և մի շարք այլ երգեր հորինել է հատկապես Օֆելյա Համբարձումյանի համար։ Շահենն էլ իր «Էլինար» պոեմն է գրել ամբարձումյանի համար` ամեն ինչ կառուցելով երգչուհու ձայնական յուրահատկությունների վրա։

Համերգներով հանդես է եկել ԱՊՀ քաղաքներում, արտասահմանյան հայաբնակ վայրերում (Լիբանան, Սիրիա, Եգիպտոս, Ֆրանսիա, ԱՄՆ)։ 21-րդ դարում բեմում այլևս հանդես չի եկել։ 2011թ. հայ երգարվեստում ունեցած մեծագույն ծառայությունների համար արժանացել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանի: