ՀՀ-ն և ԱՄՆ-ն խորացնում են համագործակցությունը միջուկային մաքսանենգության դեմ պայքարում

ՀՀ-ն և ԱՄՆ-ն խորացնում են համագործակցությունը միջուկային մաքսանենգության դեմ պայքարում

PanARMENIAN.Net - Հունիսի 13-ին ԱՄՆ կառավարության ու ՀՀ կառավարության ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել Միջուկային ու ռադիոակտիվ նյութերի մաքսանենգության դեմ պայքարի շուրջ ԱՄՆ և ՀՀ կառավարությունների միջև 2008թ. ստորագրված գործողությունների համատեղ ծրագրի հերթական վերանայումը: Միջուկային ու ռադիոակտիվ նյութերի մաքսանենգ փոխադրումների միջադեպերը աշխարհի տարբեր մասերում շեշտադրում են համակարգված միջազգային ջանքերի նկատմամբ պահանջարկը, որպեսզի այս վտանգավոր նյութերը հուսալիորեն պահպանվեն և չհայտնվեն ահաբեկիչների ու չարագործների ձեռքին, ովքեր կարող են դա օգտագործել անցանկալի նպատակներով: Այս հարցում Հայաստանն ու Միացյալ Նահանգներն արդեն բավականին երկար գործակցում են: Բացի այդ, Հայաստանը միջուկային անվտանգության մեծացման ու միջուկային նյութերի տարածման դեմ պայքարում միջազգային հանրության կարևոր ու ակտիվ դերակատարներից է` Միջուկային անվտանգության վեհաժողովի, ԱԷՄԳ-ի, Միջուկային ահաբեկչության դեմ պայքարի գլոբալ նախաձեռնության ու այլ միջազգային ձևաչափերում:

«Մենք գործակցում ենք, որպեսզի կատարելագործվեն միջուկային մաքսանենգության միջադեպերի քննության կարողությունները Հայաստանում և հետամուտ լինենք միջուկային նյութերի չտարածման հարցում մեր ընդհանուր հանձնառությանը, - ասել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը, որը վերանայման այս հանդիպմանը ղեկավարում էր ամերիկյան պատվիրակությունը, որի կազմում ընդգրկված էին Պետքարտուղարության Միջազգային անվտանգության ու ԶՈԶ չտարածման հարցերով բյուրոյի վաշինգտոնյան փորձագետներ:

«Այս վերանայումը փաստում է Հայաստանի հանձնառությունն իր կողմից տնօրինվող միջուկային նյութերի նկատմամբ պատշաճ հսկողություն ապահովելու և երկրի սահմաններով միջուկային մաքսանենգությունը կանխելու ուղղությամբ իրականացվող աշխատանքների շարունակման հարցերում»,-հավելել է նա:

Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ արտաքին գործերի նախարարության Միջազգային անվտանգության վարչության պետ Գագիկ Հովհաննիսյանը, իսկ պատվիրակության կազմում էին ներկայացուցիչներ արտաքին գործերի, էներգետիկայի նախարարություններից, ազգային անվտանգության ծառայությունից, Հայաստանի սահմանային անվտանգության, մաքսային և միջուկային կարգավորման ոլորտի պետական կառույցներից: Մասնակցում էին նաև փորձագետներ երկրի ատոմակայանը շահագործող ընկերությունից:

2008թ. հուլիսին ԱՄՆ պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսի և ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի կողմից ստորագրված Միջուկային ու ռադիոակտիվ նյութերի մաքսանենգության դեմ պայքարի համատեղ ծրագրում ներկայացվում են այն քայլերը, որ Հայաստանը կարող է ձեռնարկել միջուկային ու ռադիոակտիվ նյութերի մաքսանենգ փոխադրումների կանխարգելման, բացահայտման ու նման միջադեպերին արձագանքելու կարողությունները կատարելագործելու նպատակով: Այս ծրագրի իրականացմանն ուղղված ԱՄՆ աջակցությունը ներառել է ուսուցում, սարքավորումների տրամադրում և այլ աջակցություն: Միասին երկու երկրների կառավարությունները ամրապնդել են հայաստանյան այն շինությունների անվտանգությունը, որտեղ պահվում են ռադիոակտիվ նյութեր, բարելավվել են սահմաններով հավանական փոխադրման ռադիոակտիվ նյութերը բացահայտելու կարողությունները և կատարելագործվել են միջուկային մաքսանենգության միջադեպերի քննության հնարավորությունները Հայաստանում:

Հանդիպումների վերջում Միացյալ Նահանգներն ու Հայաստանը վերահաստատել են այս ուղղությամբ աշխատանքները շարունակելու իրենց հանձնառությունը և նախանշել հետագա համագործակցության հնարավոր ուղիները, ասվում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան հաղորդագրության մեջ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---