Օզդեմիր. Ոչ ոք չի կարող արգելել խոսել Գերմանիայի պատասխանատվության մասին, անգամ Էրդողանը

Օզդեմիր. Ոչ ոք չի կարող արգելել խոսել Գերմանիայի պատասխանատվության մասին, անգամ Էրդողանը

PanARMENIAN.Net - Գերմանիայի խորհրդարանի կողմից հունիսի 2-ին Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունումից հետո մահվան սպառնալիքներ ստացած Կանաչների կուսակցության՝ թուրքական արմատներով համանախագահ Ջեմ Օզդեմիրը հայտարարել է, որ իրենք խոսում են Գերմանիայի պատասխանատվության մասին, և դա ոչ ոք արգելել չի կարող։

Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունման հարցում մեծ ներդրում ունեցած Ջեմ Օզդեմիրը գերմանական Առաջին ալիքի եթերում խոսել է իր ստացած սպառնալիքների մասին, հայտնում է Tert.am-ը «Ակօս»-ի վրա հղումով:

«Ցավոք, բոլոր ազգերի մեջ էլ ծայրահեղականներ կան, սակայն կարևորը նրանց առաջ չընկրկելն է»,-ասել է Օզդեմիրը: «Զայրույթով կամ անպատկառ հայտարարություններ անողները որոշման տեքստը չեն կարդացել և ինձ էլ չեն լսել։ Մենք Գերմանիայի պատասխանատվությունից ենք խոսում, ոչ ոք դա արգելել չի կարող՝ անգամ Թուրքիայի նախագահը»,-ասել է նա։

Օզդեմիրը պատմել է, որ իր գործունեության ընթացքում իրեն երկրորդ անգամ են թիկնապահ տրամադրում. երկու դեպքն էլ Թուրքիայի հետ է կապված եղել։

Հայոց ցեղասպանության ճանաչումից հետո թուրքական արմատներով պատգամավորների դեմ սպառնալիքներն ավելացել էին, ինչից հետո ոստիկանությունը նրանց թիկնազոր էր տրամադրել:

Նա նշել է, որ երկրի նախագահի մակարդակով կազմակերպված արշավի թիրախ դառնալն իր համար նորություն էր: «Որպես քաղաքական գործիչ՝ առաջին անգամը չէ, որ նման բան եմ տեսնում, բայց եթե հետևանքներին չեմ դիմանալու, ինչո՞ւ մասնակցեի։ Իմ առօրյա կյանքը նախկինի պես շարունակվում է։ Միակ տարբերությունն այն է, որ տարբեր տեղեր այցելելիս այժմ ավելի մեծ խմբով եմ գնում։ Ամենահետաքրքիրն այն է, որ կյանքումս երկու անգամ եմ թիկնապահ ունեցել, երկուսն էլ՝ թուրքերի պատճառով։ Առաջինը՝ երբ առաջին անգամ պատգամավոր էի ընտրվել, 1994 թվականից հետո էր։ Ձեր կարծիքով՝ դա անտրամաբանական չէ՞ Թուրքիայից դուրս քաղաքականություն ծավալող գերմանացի գործչի համար»,-ասել է նա։

Ավելի վաղ Օզդեմիրն ասել էր, որ Բունդեսթագի ընդունած բանաձևն իր նշանակությամբ տարբերվում է այլ խորհրդարանների կողմից ընդունված բանաձևերից: «Մենք, որպես Գերմանիայի դաշնային խորհրդարան, ընդունում ենք ներկայիս Գերմանիայի նախորդի՝ կայզերական Գերմանիայի մեղքը, որ նա գործել էր մարդկության դեմ իրականացված այս հանցագործությունը չկանխելով, հակառակ այն բանի, որ ունեցել է հայերի ծրագրված տեղահանության և ջարդերի մասին ակնհայտ փաստեր՝ ուղարկված դիվանագետների և միսիոներների կողմից»,- ասել է Օզդեմիրը:

Հունիսի 2-ին Գերմանական խորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ կողմ է քվեարկել հայերի ու այլ քրիստոնյաների ցեղասպանությունը ճանաչող բանաձևին: Նշվում է, որ խորհրդարանը դատապարտում է Օսմանյան կառավարության կողմից հայերին գրեթե ամբողջությամբ ոչնչացնելու գործողությունները։ Գերմանիան բանաձևով ընդունում է նաև իր պատմական պատասխանատվությունը ողբերգության համար:

Թուրքական արմատներով պատգամավորներից առնվազն 7-ը կողմ են քվեարկել բանաձևին։ Բանաձևին դրական է արձագանքել նաև Գերմանիայի կառավարության կազմում միակ թուրք նախարար, բանաձևի նախաձեռնող Այդան Օզողուզը:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---