20 մարտի 2007 - 14:48 AMT
«Էխո». Սկսվում է տարածաշրջանային «գազային պատերազմ»
Մարտի 19-ին գործարկվեց Իրան-Հայաստան գազամուղը, իսկ մարտի 25-ին շահագործման կհանձնվի Բաքու-Թբիլիսի-Էրզրում (ԲԹԷ) գազատարը: Դեռեւս ԲԹԷ կառուցման շրջանում վերլուծաբանները ընդգծում էին, որ Ադրբեջանի Շահդենիզ գազակոնդենսատային հանքավայրից ձգվող գազատարը կարող է լրացուցիչ, այլընտրանք լինել ռուսական տարբերակին եւ բնական գազի առաքման հուսալի ուղի հանդիսանալ Հին աշխարհի երկրների համար: Ինչպես գրում է Բաքվի «Էխո» թերթը, Իրան-Հայաստան գազամուղի շինարարությունը նույնպես բազում քննարկումներ առաջացրեց, քանի որ, ըստ վերլուծաբանների, հազիվ թե Իրանը, որը խոշոր գազային ռեսուրսներ ունի, մասնակցեր նման ծախսատար նախագծի ֆինանսավորմանը, ինչպիսին գազամուղի կառուցումն է, միայն Հայաստան վառելիք առաքելու համար: «Չի բացառվում, որ, ինչպես նշում են փորձագետները, Իրանը մտադիր է օգտագործել Իրան-Հայաստան գազամուղը դեպի Վրաստան ռեսուրսների ուղղման համար, իսկ այնտեղից դեպի եվրոպական շուկա դուրս գալու նպատակով: Ըստ այլ գնահատականների, Իրանը, որն այդ նպատակաների համար կարող էր օգտագործել նաեւ ԲԹԷ-ն, առանց այդ էլ ինքնաբավ երկիր է, եւ քիչ հավանական է, որ նա մտադիր է գազ առաքել Եվրոպա: Ամեն դեպքում, վերլուծաբաններն ընդգծում են, որ դեպի եվրոպա գազ առաքելու շուրջ իսկական «գազային պատերազմ» է սկսվում, գտնում են Բաքվում: