15 հունիսի 2016 - 15:02 AMT
Կրեմլում կարծում են` Էրդողանի նամակը պատասխան չի պահանջում. Որևէ բովանդակային մաս այնտեղ չկար

Մոսկվան կցանկանար կարգավորել հարաբերություններն Անկարայի հետ, սակայն Վլադիմիր Պուտինը հստակ ասել է,որ դա անհնար է, քանի դեռ Թուրքիան չի կատարել մի շարք գործողություններ: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Անդրադառնալով Թուրքիայի նախագահի նամակին` Պեսկովն ասել է, որ դա ավանդական ընդունված կարգ է միջազգային հարաբերություններում, ուղերձ, որը պատասխան չի պահանջում: «Որևէ բովանդակային բան նամակում, ցավոք, չկար»,-հավելել է նա:

Հունիսի 14-ին հայտնի դարձավ, որ Թուրքիայի նախագահ էրդողանը ԱԳՆ գծով նամակ է հղել Պուտինին` շնորհավորելով Ռուսաստանի օրվա կապակցությամբ և մաղթելով, որ Մոսկվայի ու Անկարայի հարաբերություններն «արժանի մակարդակի» դուրս գան:

«Անկասկած, մենք կցանկանայինք, որ մեր հարաբերությունները կարգավորվեն և վերադառնան փոխշահավետ գործակցության: Սակայն, միևնույն ժամանակ, նախագահ Պուտինը հստակ ասել է, որ Անկարայի կողմից որոշակի գործողությունների բացակայության դեպքում հարաբերությունների կարգավորում հնարավոր չէ»,-ասել է Պեսկովը: «Մենք ցավում ենք, որ դա այդպես է և բազմիցս ենք ասել, որ մեր հարաբերությունների հարուստ փորձը միանգամից ոչնչացվեց թուրքական կողմի ագրեսիվ գործողությունների պատճառով»,-ասել է նա:

Ավելի վաղ ռուսական կողմը հայտարարել էր, որ պաշտոնական ներողություն և փոխհատուցում է սպասում Թուրքիայից:

ՌԴ և Թուրքիայի հարաբերությունները կտրուկ վատթարացան թուրքական օդուժի կողմից ռուսական Սու-24-ի խոցումից հետո: 2015-ի նոյեմբերի 24-ին խոցված ռուսական ինքնաթիռի 2 օդաչուները հասցրել էին կատապուլտի միջոցով փրկվել, սակայն օդաչուներից մեկը`Օլեգ Պեշկովը ընկել էր թուրքմենների կողմից վերահսկվող տարածքում, որտեղ նա սպանվեց:Ավելի ուշ համացանցում տեսանյութ էր հայտնվել, որտեղ Չելիքը հայտարարել էր, թե ինքն ու իր մարտիկներն են կրակ բացել։ Անկարան մինչ օրս ներողություն չի խնդրել Սու-24-ի կործանման համար: