Գերմանիան կսատարի ԵՀ-ին Վրաստանի համար վիզաների ռեժիմի չեղարկման հարցում

Գերմանիան կսատարի ԵՀ-ին Վրաստանի համար վիզաների ռեժիմի չեղարկման հարցում

PanARMENIAN.Net - Գերմանիան կսատարի Վրաստանի քաղաքացիներին Եվրամիության երկրներ մուտք գործելու համար մուտքի արտոնագրային ռեժիմը չեղարկելուն վերաբերող Եվրահանձնաժողովի օրենսդրական նախաձեռնությանը: Այդ մասին լրագրողներին է հայտնել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

ԵՀ-ն դեռ 2015-ի դեկտեմբերին է հայտարարել, որ Վրաստանը կատարել է բոլոր անհրաժեշտ պայմանները Եվրամիության երկրների հետ մուտքի արտոնագրերի ռեժիմի ազատականացման համար:

«Գերմանիան դեմ չի լինի Եվրահանձնաժողովի որոշմանը»,- ասել է Մերկելը:

«Մենք նույնիսկ կողմ կլինենք, որ խորհրդակցությունները ԵՄ-ում որքան հնարավոր է շուտ տեղի ունենան»,- ասել է կանցլերը:

Վրաստանի իշխանություններն ավելի վաղ հայտարարում էին, որ մինչ ամառվա մեկնարկը ԵՄ հետ մուտքի արտոնագրային ռեժիմի չեղարկումն ուժի մեջ կմտնի, սակայն հունիսի սկզբին ԵՄ անդամ երկրները հետաձգեցին վերջնական որոշման կայացումը:

Հունիսի 9-ին հայտնի դարձավ, որ Գերմանիան և Եվրամիության մի շարք այլ երկրներ արգելափակել են Վրաստանի համար մուտքի արտոնագրերի ռեժիմի ազատականացման մասին բանաձևը: Այդ հարցի վերաբերյալ քվեարկությունը, որը կայանալու էր հունիսի 10-ին, հանվել է ԵՄ ՆԳ նախարարների հանդիպման օրակարգից:

Վրաստանի հետ մուտքի արտոնագրերի ռեժիմի ազատականացման հակառակորդները մտավախություն ունեն, որ դրանից կօգտվեն վրացական հանցավոր խմբավորումները և դա կնպաստի հանցավորության աճին Եվրամիության երկրներում: Գերմանիայից, Ֆրանսիայից և Բելգիայից հետո այդ հարցի նպատակահարմարության առումով իր կասկածն է հայտնել նաև Իտալիան: Հունիսի 6-ին Վրաստանի և ԵՄ միջև առանց մուտքի արտոնագրերի ռեժիմին դեմ է արտահայտվել Գերմանիայի իշխող ՔԴՄ/ՔՍՄ դաշինքը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---