16 հունիսի 2016 - 12:08 AMT
Դենի Թարկանյանը հաղթել է Նևադայում և կշարունակի պայքարը Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում տեղի համար

ԱՄՆ-ում հայազգի քաղաքական գործիչ, հանրապետական Դենի Թարկանյանը մասնակցել է Նևադայի նահանգային կոնգրեսի ընտրություններին ու հաղթել Հանրապետական կուսակցությունից թեկնածուների նախընտրական փուլում՝ առաջ անցնելով Մայքլ Ռոբերթսոնից, հայտնում է Tert.am-ը Asbarez-ի վրա հղումով:

Այժմ թեկնածուն շարունակելու է իր պայքարն ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում տեղ զբաղեցնելու համար:

Նոյեմբերին կայանալիք ընտրություններին Թարկանյանի մրցակիցն է լինելու դեմոկրատ թեկնածու Ջեքի Ռոսենը:

Աղբյուրը մանրամասնում է, որ ԱՄՆ Հայ դատի հանձնախումբն աջակցում է հաջողակ գործարար Թարկանյանին, քանի որ վերջինիս ուշադրության կետրոնում մշտապես հայ-ամերիկյան հարաբերություններն են ու հայ համայնքին առնչվող հարցերը:

2014-ի նոյեմբերին ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում հաղթանակ տարավ հայամետ թեկնածուների 90 տոկոսը, որոնց սատարում էր Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը: Ներկայացուցիչների պալատ դեմոկրատներից ընտրվեցին Աննա Էշուն և Ջեքի Շփեյերը` նրանք երկուսն էլ հայ են մայրական կողմից: Կոնգրեսի ընտրություններից բացի Կալիֆորնիայի օրենսդիր ժողով են անցել Ադրին Նազարյանը և Խաչո Հաչաջյանը, իսկ Ռոդ Այլենդի խորհրդարան` Քաթրին Ղազարյանը: Սքոթ Ավետիսյանը վերընտրվել է Բարվիքի քաղաքապետի պաշտոնում, որը մեծությամբ երկրորդ քաղաքն է Ռոդ Այլենդում: Ռաքել Նարոյանը զբաղեցրել է կոնսուլի պաշտոնը Սանտա Կրուս նահանգում: Տեղական ինքնակառավարման մրամինների ընտրություններում հաղթել են տասնյակ հայամետ թեկնածուներ:

Ավելի վաղ հայտնի է դարձել նաև, որ Մոնտեբելոյի քաղաքապետ Ջեկ Հաջինյանը հաղթել է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում և վերընտրվել պաշտոնում: Ռոլինգ Հիլսի խորհրդի կազմում վերընտրվել է նաև Ֆրենկ Զերունյանը, Հարավային Փասադենայի ընտրություններում 2 հայազգի թեկնածու է հաղթել` Մարինա Կուբեսրյանը և Սյուզի Աբաջյանը: Մեն նահանգի Վեսթբրուք քաղաքի ընտրություններում հաղթել է Աննա Աստվածատրյան-Թերքոթը` ստանալով քաղխորհրդի անդամի մանդատ: