Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը Ժնեւում դժվարին է եղել

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գորան Լենմարկերի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանում կայանալիք ընտրություններից հետո կարող է համաձայնագիր կնքվել Ղարաբաղի վերաբերյալ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, համընկնում են Երեւանի դիրքորոշման հետ: Այդ մասին, պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի հարցերին «Ռեգնում» գործակալության մամլո կենտրոնում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Սակայն, նրա խոսքերով, Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հերթական հանդիպումը Ժնեւում լավատեսության առիթ չի տալիս: «Ժնեւում կայացած հանդիպումը հաստատեց, որ մեր միջեւ կան հակասություններ, որոնք դժվար է հաղթահարել, եւ այդ առումով հանդիպումը դժվարին էր: Մենք պայմանավորվեցինք կրկին հանդիպել ապրիլին: Գուցե մեզ հաջողվի համաձայնության գալ եւ պարզ կդառնա, թե երբ կկարողանան հանդիպել երկու երկրների նախագահները: Իհարկե, այդ հանդիպումը տեղի կունենա Հայաստանում խորհրդարանական ընտրություններից հետո»,-նշել է Օսկանյանը:



Հայաստանի արտգործնախարարը նշել է նաեւ, որ Հայաստանը հավատարիմ է մնում իր դիրքորոշմանը` Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը պետք է որոշվի հանրաքվեի միջոցով, որը կանցկացվի ԼՂՀ բնակչության շրջանում: Ինչ վերաբերում է կարգավորման Կոսովոյի տարբերակին, ապա Վարդան Օսկանյանը նշել է, որ չի կարելի տարբեր հակամրտություններին նույն չափանիշներով մոտենալ: «Այն, ինչը լավ է մեկի համար, կարող է անընդունելի լինել մյուսի համար: Այնուամենայնիվ, եթե միջազգային հանրությունը ճանաչի Կոսովոյի անկախությունը, դա դրական անդրադարձ կունենա ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա: Եթե ոչ, մենք միեւնույն է կշարունակենք բանակցությունները Լեռնային Ղարաբաղի բնակչության համար ընդունելի լուծում գտնելու համար»,-ընդգծել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---