Զուրաբյանը՝ ԸՕ շուրջ փոխհամաձայնության մասին. Պատմական իրադարձություն է, բայց երաշխիքներ չկան

Զուրաբյանը՝ ԸՕ շուրջ փոխհամաձայնության մասին. Պատմական իրադարձություն է, բայց  երաշխիքներ չկան

PanARMENIAN.Net - Ընտրական օրենսգրքի շուրջ «4+4+4» ձևաչափի շրջանակներում իշխանության և ընդդիմության ներկայացուցիչների միջև համատեղ հայտարարության ստորագրումը, առանց չափազանցության, կարելի է համարել պատմական իրադարձություն: Այս կարծիքն է հայտնել ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:

Ընտրական օրենսգրքի վերաբերյալ իշխանության, ընդդիմության և քաղաքացիական հասարակության միջև 4+4+4 ձևաչափով ընթացող բանակցությունների արդյունքում Ազգային ժողովի Պետաիրավական հանձնաժողովի դահլիճում հունիսի 16-ին ստորագրվել է նոր Ընտրական օրենսգրքում ընտրական գործընթացի օրինականության վերահսկման կազմակերպման տեխնիկական մեխանիզմների սահմանման շուրջ փոխհամաձայնության մասին հայտարարությունը:

«Այս հայտարարությամբ ամուր հիմքեր են դրվում, բայց միաժամանակ պետք է ասել, որ սա երաշխիքներ չի ստեղծում, որ չեն կատարվի ընտրախախտումներ, այն չի լուծում բոլոր խնդիրները՝ ընտրակաշառքի խնդիրը, արատավոր տարբեր երևույթների խնդիրը, բայց լուծում է ընտատեղամասում օրինականության ապահովման խնդիրը», -հավելել է Զուրաբյանը՝ ընդգծելով, որ 2017-ին այդպիսով «ազատ ու արդար ընտրություններ հնարավոր են», մեջբերում է Panorama.am-ը։

Հայտարարության ստորագրումից առաջ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը նկատել էր, որ աշխատանքը հեշտ չէր, բայց արդյունքն անգնահատելի է:

«Եթե մենք գնում ենք խորհրդարանական կառավարման ձևի, պետք է սովորենք միասին աշխատել, քանի որ խորհդաանական կառավարման ձևը ենթադրում է շատ ակտիվ համատեղ աշխատանք»,- ասել է նա:

Հարությունյանը նշել է, որ աշխատանքը հեշտ չի եղել և նկատել՝ «4+4+4» ձևաչափի շրջանակներում ձախողման հնարավորությունը մեծ է եղել, բայց, նրա խոսքով, կողմերը կամք գտան դժվարությունները հաղթահարելու, առաջ գնալու։

«Դա հենց այն էր, ինչ կոչվում էր կոնսենսուս, փոխհամաձայնություն, երբ յուրաքանչյուր կողմը չի ստանում այն ամենը, ինչ ենթադրում էր և գնում է որոշակի զիջումների ու ստանում որոշակի խնդիրների լուծում։ Սա անգնահատելի փորձ էր։ Հուսամ, որ Հայաստանի ապագան միշտ ենթադրելու է քաղաքական ուժերի՝ անկախ նրանից կլինեն իշխանական, թե ընդդիմադիր, համատեղ աշխատանք», -հայտարարել է Հարությունյանը:

ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն էլ ասել է, թե իդեալական օրենքը չի լուծի բոլոր հարցերը, երբ չկա քաղաքական կամք՝ ազատ ու արդար ընտրություններ անցկացնելու: Զոհրաբյանն այս համաձայնությունը դիտարկել է որպես աղճատված քաղաքական մշակույթի բարձրացման հարց:

«Փոխադարձ անհանդուրժողականությունը, ատելությունը քաղաքական բանավեճի որակը իջեցրել էին, աղանդավորականություն էր նկատվում քաղաքական մեր դաշտում: Գնահատելի եմ սա համարում, երբ առջևում լուրջ փորձություններ կան»,- ասել է Զոհրաբյանը, գրում է Tert.am-ը:

Նա շեշտել է, որ թե փոխզիջումը չի նշանակում սկզբունքների դավաճանում, այլ՝ կոմպրոմիսների միջոցով հնարավոր լուծումներ գտնելու հնարավորություն:

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն էլ նշել է, որ սա պատմական պահ է, քանի որ ինքը չի հիշում նախկինում մի դեպք, երբ ԱԺ բոլոր քաղաքական ուժերը համաձայնության գան հարցերից մեկի, այս դեպքում՝ Ընտրական օրենսգրքի շուրջ:

«Ընտրական օրենսգիրքը հիմք է ստեղծում ազատ, արդար ընտրությունների, բայց մարդիկ են դրա կյանքի կոչողները: Եթե դրսևորվի քաղաքական կամք ընտրությունների ժամանակ, որ Հայաստանն ունենա աննախադեպ, բարձր որակի ընտրություններ, ապա բոլորի անունները կգրվեն եթե ոչ ոսկե, ապա մեծ տառերով»,- նշել է Ռուստամյանը:

ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի խոսքով,իրենք առաջին պլանում դրել են ընտրական գործընթացի նկատմամբ հանրության վստահության բարձրացումը: «Կարծում եմ դրա համար արժեր այս ծանր աշխատանքը»,- հավելել է Հովհաննիսյանը:

4+4+4 ֆորմատով ամիսներ շարունակվող բանակցություններից հետո, հունիսի 16-ին իշխանությունը հայտարարեց, թե պատրաստ է քաղհասարակության և ընդդիմության ներկայացրած հինգ պահանջներից չորսին լուծումներ տալ, և, ըստ այդմ, փոփոխություններ կատարել Ընտրական օրենսգրքում։

Այդ փոփոխությունների համաձայն, կուսակցությունների համար հասանելի կլինեն անգամ այն տեղամասերում ընտրությանը մասնակցած անձանց ցուցակները, որտեղ նրանք չեն ունեցել հանձնաժողովի անդամներ կամ վստահված անձինք։ Ընտրողները քվեարկությանը կմասնակցեն միայն նույնականացման քարտերով, որոնք պետությունը մինչև ընտրությունները կտրամադրի անվճար։ Քվեարկությունից առաջ կստուգվեն նաև ընտրողների տասը մատնահետքերը։ Բոլոր 2000 տեղամասերում կտեղադրվեն տեսախցիկներ, ընտրական գործընթացը կհեռարձակվի նաև ուղիղ եթերով։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---