Հռոմի պապ. Ուխտագնացության եմ մեկնում Հայաստան

Հռոմի պապ. Ուխտագնացության եմ մեկնում Հայաստան

PanARMENIAN.Net - Հռոմի Ֆրանցիսկոս պապը հունիսի 24-ին Հայաստան կատարելիք իր այցն ուխտագնացություն է անվանել` դիմելով «Արևելյան եկեղեցիների օգնության կազմակերպությունների վերամիավորման» (ROACO) վեհաժողովի պատվիրակներին:

Հունիսի 16-ի առավոտյան Սրբազան քահանայապետը Վատիկանում հանդիպել է ROACO հավաքի մասնակիցների հետ: Նա խնդրել է աղոթել իր հայաստանյան այցի համար, հայտնում է Ansa-ն: «Խնդրում եմ աղոթել ինձ համար, քանի որ ես մի քանի օրից ուխտագնացության եմ մեկնում Արևելք` Հայաստան, մի երկիր, որի ժողովուրդն առաջիններից էր, որ ստացավ Հիսուսի Ավետարանը»,- ասել է Հռոմի պապ:

Ֆրանցիսկոս Պապի այցը Հայաստան կմեկնարկի հունիսի 24¬ին: Այցի շրջանակներում Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում տեղի կունենա պաշտոնական դիմավորման արարողություն, որից հետո կմեկնի Մայր Աթոռ Ս. Էջմիածին. Մայր Տաճարում տեղի կունենա Բարիգալստյան` «Հրաշափառի» արարողությունը:

Նույն օրը երեկոյան Սրբազան Քահանայապետը նախագահի նստավայրում հանդիպում կունենա նախագահ Սերժ Սարգսյանի, ապա՝ ՀՀ իշխանությունների, հասարակության և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ:

Այցի առաջին օրը կամփոփվի Մայր Աթոռ Ս. Էջմիածնում կայանալիք Ֆրանցիսկոս Պապի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիպմամբ: Հունիսի 25-ի առավոտյան Սրբազան քահանայապետը կայցելի Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և թանգարան:

Հռոմի պապ Ֆրանցիսկոսն այնուհետև Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ կմեկնի Գյումրի, որտեղ Սուրբ և անմահ պատարագ կմատուցվի Վարդանանց հրապարակում: Գյումրիում Հռոմի Պապը նաև կայցելի Անարատ հղության հայ քույրերի միաբանության «Տիրամայր Հայաստանի» կուսաստան, Շիրակի թեմի առաջնորդանիստ Յոթ Վերք Սբ Աստվածածին եկեղեցի և Սրբոց նահատակաց հայ կաթողիկե Մայր Տաճար:

Նույն օրը երեկոյան Երևանում՝ Հանրապետության հրապարակում, տեղի կունենա էկումենիկ արարողություն և Խաղաղության աղոթք: Հունիսի 26-ին, Մայր Աթոռում Հռոմի Սրբազան քահանայապետը հանդիպում կունենա Հայ կաթողիկե եպիսկոպոսների հետ, կմասնակցի Սբ պատարագի արարողությանը և էկումենիկ ճաշկերույթի՝ Ամենայն Հայոց կաթողիկոսի, ՀԱԵ արքեպիսկոպոսների և եպիսկոպոսների, Հայ կաթողիկե արքեպիսկոպոսների և եպիսկոպոսների ու պապական պատվիրակության հետ:

Ապա Ֆրանցիսկոս Պապը հանդիպում կունենա Հայ եկեղեցու պատվիրակների և բարերարների հետ: Հռոմի Սրբազան քահանայապետ Ֆրանցիսկոս պապը և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը կստորագրեն Համատեղ հայտարարություն: Հովվապետերը նաև աղոթք կմատուցեն Խոր Վիրապի վանքում:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---