Բաքուն պատրաստ է քննարկել Ադրբեջանում ազատազրկված Բաղդասարյանին ազատելու հարցը

Բաքուն պատրաստ է քննարկել Ադրբեջանում ազատազրկված Բաղդասարյանին ազատելու հարցը

PanARMENIAN.Net - Ադրբեջանի պատանդների և անհետ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովի ղեկավար Իսմայիլ Ախունդովը հայտարարել է, թե Ադրբեջանը ԿԽՄԿ-ի միջնորդությամբ կարող է «կարճ ժամանակահատվածում սկսել» Լեռնային Ղարաբաղում ազատազրկման դատապարտված` Ադրբեջանի քաղաքացիներ Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի, ինչպես նաև Ադրբեջանում ազատազրկման դատապարտված` ՀՀ քաղաքացի Արսեն Բաղդասարյանի ազատ արձակման հարցի քննարկումը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

Ադրբեջանական կողմը մշտապես փորձել է ադրբեջանցի դիվերսանտներ Դիլհամ Ասկերովին և Շահբազ Գուլիևին փոխանակել մեկ գերի ընկած Հակոբ Ինջիղուլյանի, մեկ քրեական գործից Ադրբեջան փախած Եղիշե Գևորգյանի և նրա ընտանիքի անդամների հետ, մեկ գերությունից մեկ օր անց մահացած խաղաղ բնակիչ Կարեն Պետրոսյանի մարմնի հետ, սակայն ամեն անգամ մերժում է ստացել:

ԼՂՀ գլխավոր դատախազը մշտապես հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում պատիժը կրող ադրբեջանցի դիվերսանտներ Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի փոխանակումն անհնարին է:

Արսեն Բաղդասարյանն, ըստ Ադրբեջանի ՊՆ վարկածի, գերեվարվել է 2014-ի դեկտեմբերի 27-ին, «դիվերսիան» ետ մղելիս: ԼՂՀ ՊԲ-ն հերքեց դիվերսիայի փորձը, իսկ ինքը Բաղդասարյանը, լինելով պայմանագրային զինծառայող, ԼՂՀ ՊԲ հաղորդագրության համաձայն, պարբերաբար ինքնակամ լքել է իր մշտական տեղակայման վայրը, որի համար հրամանատարության որոշմամբ, կարգապահական խախտումներ կատարելու հիմնավորումով, ժամանակավորապես հեռացված է եղել ծառայությունից: Ադրբեջանական կողմը, սակայն, չի հրաժարվում «ձերբակալված դիվերսանտի» վարկածից:

ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի և Վերաքննիչ դատարանների վճիռներով Դիլհամ Ասկերովը դատապարտվել է ցմահ, իսկ Գուլիևը՝ 22 տարվա ազատազրկման:Դիլհամ Ասկերովին մեղադրանք էր առաջադրվել Լեռնային Ղարաբաղի քրեական օրենսգրքի 7, իսկ նույն երկրի քաղաքացի Շահբազ Գուլիեւին ՝ 5 հոդվածների հատկանիշներով։ Նրանք մեղադրվում են ազգային ատելության շարժառիթներով մարդուն առեւանգելով սպանելու, կազմակերպված խմբի կողմից անչափահասի նկատմամբ զենքի գործադրմամբ բռնություն գործադրելու, լրտեսության, Ղարաբաղի պետական սահմանը կազմակերպված խմբի կողմից հատելու, հրազեն եւ ռազմամթերք կրելու մեջ։ Դիլհամ Ասկերովին նաեւ կազմակերպված խմբի կողմից ազգային ատելության շարժառիթով երկու անձանց սպանության փորձի մեղադրանք էր առաջադրվել։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---