18 հունիսի 2016 - 10:02 AMT
Քրդերի նպատակն է ամբողջությամբ վերահսկել թուրք-սիրիական սահմանը

Սիրիայի ժողովրդավարական ուժերը սիրիական Մանբիջ քաղաքի գրոհից հետո նպատակ են դրել ազատագրել թուրք-սիրիական սահմանի ամբողջ 80 կմ հատվածը, որն այժմ վերահսկում են իսլամիստ գրոհայինները, ինչպես նաև Կոբանիի և Աֆրինի քրդական միավորումները: Այդ մասին հայտարարել է քրդական Ժողովրդավարական միություն կուսակցության ներկայացուցիչ Աբդ Սալամ Ալին:

«Վերջնական նպատակը Աֆրինն է (խոսքը քրդական Կոբանիից Աֆրին տանող ճանապարհի մասին է): Սահմանը պետք է փակել, քանի որ այնտեղից են ահաբեկիչները զենք ու համալրում ստանում Թուրքիայից»,-ասել է նա:

Այդ ճանապարհին քրդերը կարևորում են Մանբիջ քաղաքի ազատագրումը, որն այժմ պաշարված է քրդական ուժերի կողմից, սակայն քաղաքը վերահսկում են ԻՊ գրոհայինները:

Նա հայտարարել է, որ վերցնելով քաղաքը, քրդերը կշարժվեն արևմուտք, մինչև որ լիովին չազատագրվի Աֆրինի ճանապարհը և սահմանը չազատվի իսլամիստներից:

Ինչ վերաբերում է Ռաքքային, ապա ըստ Աբդ Սալամ Ալիի, քրդերը չեն գրոհի այն: «Քրդերն ավելի կարևոր խնդիրներ ունեն լուծելու: Ռաքքան սունիների արաբական քաղաք է, այնպես որ քրդերը հազիվ թե այն գրոհեն: Մեր առաջին նպատակը սահմանն է ու քրդական գավառների կապի ապահովումը, ինչպես նաև նորմալ կյանքի վերականգնումն այդ շրջաններում»,-ասել է նա:

Ավելի վաղ քրդական և արաբական ջոկատներից բաղկացած Սիրիայի ժողովրդավարական ուժերը (SDF) հայտարարել էին Ռաքքայի ազատագրման գործողության մեկնարկի մասին: Գրոհին աջակցում է ԱՄՆ գլխավորած կոալիացիան, որը ավիահարվածներ է հասցնում ԻՊ գրոհայիններին Սիրիայում և Իրաքում:

Քրդերը «Իսլամական պետության» ահաբեկիչներից ազատագրել են 3 բնակավայր` Քարտաժան, Էլ Ֆատիսաը, Հադրիյաթը: «Հյուսիսային Սիրիայի դաշնային տարածաշրջանը» հռչակվել է մարտին սիրիական Քրդստանի և հարևան շրջաններում: Պաշտոնական Դամասկոսը կտրուկ դեմ է երկրի դաշնայնացմանը: Միջազգային հանրությունը, այդ թվում ՌԴ-ն ու ԱՄՆ-ն, վաղաժամ են համարում այդ քայլը: