18 հունիսի 2016 - 10:51 AMT
Ազգային պատկերասրահում բացվել է «Բենիկ Պետրոսյանի բրոնզե դարը» ցուցահանդեսը

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ` հունիսի 17-ին, Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է նշանավոր քանդակագործ Բենիկ Պետրոսյանի մահվան 20-րդ տարելիցին նվիրված` «Բենիկ Պետրոսյանի բրոնզե դարը» խորագրով հետահայաց ցուցահանդեսը:

Ցուցահանդեսին ներկա էին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը, քանդակագործի ընտանիքը, մշակույթի, հասարակական գործիչներ և քանդակագործի արվեստի երկրպագուներ:

«Այս ցուցահանդեսն առանձնանում է նախորդներից նրանով, որ այստեղ ներկայացված է Բենիկ Պետրոսյանի ստեղծագործական ժառանգության մեծ մասը. գեղանկարչություն, գրաֆիկա, կերամիկա, մոնումենտալ, հաստոցային, դեկորատիվ քանդակագործություն, մանրաքանդակ և այլն: Տեղին է ասված, եթե մարդը տաղանդավոր է, ապա՝ այդպիսին է ամեն ինչում: Համոզված եմ, եթե

Պետրոսյանը ստեղծագործեր, ասենք՝ երաժշտարվեստում ապա կրկին բարձրարժեք և հետաքրքիր գործեր կստեղծվեին: Մենք պետք է նրա թողած ժառանգությունը դիտարկենք ամբողջության մեջ՝ ստեղծագործությունների և իր տաղանդավոր ընտանիքի միասնության համատեքստում»,- նշել է ՀՀ մշակույթի նախարարը:

«Բենիկ Պետրոսյանի բրոնզե դարը» խորագրով ցուցահանդեսը կգործի մինչև հուլիսի 10-ը:

Հայ իրականության մեջ Բենիկ Պետրոսյանն առավելապես հայտնի է որպես մանրաքանդակի հիմնադիր և անգերազանցելի վարպետ, սակայն նրա ստեղծագործական համապատկերը շատ ավելի բազմաժանր է` մոնումենտալ և հաստոցային քանդակ, դրվագում, գեղանկարչություն և գրաֆիկա, ձուլածո և կոփածո աշխատանքներ, կերամիկա, ձևավորում և այլն:

Պետրոսյանը 1954-58թթ սովորել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանի քանդակի բաժնում: 1957թ. մասնակցել է Հանրապետական և միջազգային ցուցահանդեսների Հոլանդիայում, Շվեյցարիայում, Գերմանիայում և այլուր: 1960-66թթ սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի քանդակի բաժնում` Արա Սարգսյանի արվեստանոցում: 1965թ. Երիտասարդական հանրապետական ցուցահանդեսում ստացել է արծաթե մեդալ:

1969թ. ներկայացել է առաջին բացօթյա ցուցահանդեսով, Երևանի Օղակաձև զբոսայգում: Նույն թվականին արժանացել է Մոնրեալի «Էքսպո 69» ցուցահանդեսի գլխավոր մրցանակին: 1970թ-ից եղել է Հայաստանի նկարիչների միության անդամ:

Մահացել է Երևանում 1996-ին: 2002թ. ՀՀ մշակույթի նախարարությունը կազմակերպել է Բենիկ Պետրոսյանի անվան մանրաքանդակի միջազգային Բիենալե:

Պետրոսյանի` քսաներորդ դարի երկրորդ կեսի հայ նշանավոր արվեստագետի ֆենոմենը դեռևս պետք է բացահայտվի, ճանաչվի և փոխանցվի սերունդներին: Նկարիչ-քանդակագործը կյանքից հեռացավ ստեղծագործական թռիչքի պահին` 57 տարեկանում, թողնելով հսկայածավալ ինքնատիպ և եզակի ստեղծագործական ժառանգություն:

«Ունենք միջնադարյան մանրանկարչություն, ինչո՞ւ չունենանք նաև մանրաքանդակի դպրոց: Շատ կուզենայի, որ Երևանում բացվեր մանրաքանդակի միջազգային կենտրոն իր ցուցասրահով և արվեստանոցներով: Աշխարհի տարբեր ծայրերից հրավիրվեն քանդակագործներ, աշխատեն, ստեղծագործությունների մի մասը թողնեն Հայաստանին, մյուս մասը տանեն իրենց հետ: Թող ստեղծագործական ժառանգությունս հիմք հանդիսանա այս գաղափարի իրականացման համար: Սա երազանքս է, բայց հույս ունեմ, որ մի օր կիրականանա… »,- ասել էր Բենիկ Պետրոսյանը: