18 հունիսի 2016 - 11:03 AMT
Վրաստանի Ատլանտյան խորհրդի նախագահ. Եռակողմ ռազմական գործակցությունն ուղղված չէ ՀՀ դեմ

Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի ռազմական գործակցությունն ուղղված չէ Հայաստանի դեմ: Այս մասին հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախկին նախարար, ԱՄՆ-ում Վրաստանի նախկին դեսպան, ներկայումս Վրաստանի Ատլանտյան խորհրդի նախագահ Վասիլ Սիխարուլիձեն՝ անդրադառնալով Վրաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպումներին, որոնք ռազմական համագործակցությանն են միտված:

2017 թվականի ամռանը Վրաստանում կարող են տեղի ունենալ Վրաստանի, Ադրբեջանի ու Թուրքիայի համատեղ զորավարժություններ: Այդ մասին է մայիսին հայտնել Վրաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վախթանգ Կապանաձեն: Ավելի վաղ Գաբալայում տեղի ունեցած Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի եռակողմ հանդիպման ժամանակ Թբիլիսին առաջարկել էր ադրբեջանցի և թուրք գործընկերներին համագործակցել Վրաստանում ՆԱՏՕ-ի կողմից իրականացվող ծրագրերին ու նախագծերին:

Հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված գործակցությունը, արդյոք Հայաստանի համար ռազմական այս ֆորմատը սպառնալիք չէ՞, Սիխարուլիձեն պատասխանել է. «Ոչ, Հայաստանի համար սա սպառնալիք չէ». մեջբերում է Tert.am-ը:

Ապա Վրաստանի պաշտպանության նախկին նախարարն ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը, կայունությունը Վրաստանի համար անվտանգության հիմնական բաղադրիչներից են:

«Ձեր կողմից հիշատակված եռակողմ գործակցությունը երբեք և հիմա էլ որևէ մեկի դեմ ուղղված չի եղել, և բոլոր կողմերն են այս հարցում համաձայնություն պահում: Համագործակցությունը շեշտադրված է ենթակառուցվածքի կարևոր օբյեկտների պաշտպանությանը»,-նշել է Վասիլ Սիխարուլիձեն:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, Վրաստանի պաշտպանության նախկին նախարարն ասել է, որ Ղարաբաղյան հակամարտությունը սպառնալիք է Հարավային Կովկասի անվտանգության ու կայունության համար:

Նա նշել է, որ ԼՂ հիմնախնդիրը 20 տարուց ավելի խոչընդոտում է տարածաշրջանային համագործակցության զարգացմանը և բացասաբար է ազդում Հարավային Կովկասի բոլոր երկրների զարգացման վրա: Ուստի, Սիխարուլիձեի համոզմամբ, հիմնախնդրի խաղաղ լուծումը կենսական նշանակություն կունենա ոչ միայն Հայաստանի ու Ադրբեջանի, այլև Վրաստանի համար:

«Ես հույս ունեմ, որ այս հակամարտությունը հետագայում չի սրվի: Դա չի բխում հարավկովկասյան որևէ պետության շահերից և կարող է կործանարար ազդեցություն ունենալ տարածաշրջանի զարգացման վրա: Ես նաև կարծում եմ, որ խնդրի խաղաղ, քաղաքական լուծումը կարելի է գտնել երկու կողմերի և միջազգային հանրության մեծ ջանքերի գործադրման շնորհիվ»,- նշել է նա:

Իսկ հարցին, թե տեսանելի ապագայում ՆԱՏՕ-ն ի՞նչ դերակատարություն կունենա Հարավային Կովկասի տարածաշրջանում, Վասիլ Սիխարուլիձեն նշել է, թե իր կարծիքով Վրաստանի անդամակցումը ՆԱՏՕ-ին օգտակար կլինի Հայաստանի, նաև՝ Ադրբեջանի համար:

Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանը ԶՈւ ղեկավարների հանդիպումները պարբերական բնույթ են կրում: Երկրները ռազմական համագործակցության մասին եռակողմ համաձայնագիր ունեն: