18 հունիսի 2016 - 14:09 AMT
Օլիմպիադային ընդառաջ Ռիոյում ֆինանսական ճգնաժամ է

Բրազիլական Ռիո դե Ժանեյրո նահանգում արտակարգ դրության ռեժիմ է հայտարարվել ֆինանսական միջոցների հսկայական անբավարարության պատճառով:

Իշխանությունները ծայրահեղ քայլի են դիմել`«անվտանգության, առողջապահության, կրթության, տրանսպորտի և բնապահպանության ոլորտներում խոշոր կոլապսից խուսափելու համար», Reuters-ին հղումով գրում է Tert.am-ը:

Համաձայն կառավարության հրապարակած զեկույցի՝ ճգնաժամը կարող է խանգարել նահանգին կատարել Օլիմպիական և Պարալմպիական խաղերի անցկացման համար ստանձնած պարտավորությունները:

Ռիոյի քաղաքապետ Էդուարդո Պաեսը, սակայն, վստահեցրել է, որ արտակարգ դրությունը ոչ մի կերպ չի հետաձգի օլիմպիական նախագծերի իրականացումը, և Խաղերը կանցկացվեն հավուր պատշաճի: Նա հատուկ նշել է, որ ֆինանսական աղետը չի վերաբերում օլիմպիական օբյեկտներին, դրանք բոլորը կհանձնվեն մրցումները սկսելուց մի քանի օր առաջ:

Խաղերի բացման պաշտոնական արարողությունը կկայանա օգոստոսի 5-ին Ռիոյի լեգենդար «Մարականա» մարզադաշտում: Օգոստոսի 5-ից 21-ը`17 օրերի ընթացքում աշխարհի 206 երկրից մոտ 10.500 մարզիկ կմրցի 306 մեդալի հավաքածուների համար: Օլիմպիական խաղերը կանցկացվեն Ռիոյի 4 շրջանում՝ Կոպակաբանայում, Մարականայում, Դեոդորոյում և Բարայում գտնվող 33 մարզական կառույցում:

Հունիսի 17-ի դրությամբ Հայաստանն ունի օլիմպիական 29 ուղեգիր: