Վատիկան. Պապը Խոր Վիրապում աղավնիներ բաց կթողնի Արարատի ուղղությամբ

Վատիկան. Պապը Խոր Վիրապում աղավնիներ բաց կթողնի Արարատի ուղղությամբ

PanARMENIAN.Net - Սր Աթոռի մամուլի քարտուղար Ֆեդերիկո Լոմբարդին հայտնել է լրագրողներին Հռոմի պապ Ֆրանցիսկոսի Հայաստան եռօրյա այցի մասին, հայտնում է Վատիկանի ռադիոկայանը:

Ըստ Սբ Աթոռի մամուլի քարտուղարի, Պապի այցը խաղաղության ուղերձ է և հայ ժողովրդին, որն այդքան տառապանք է տեսել իր պատմության ընթացքում, աջակից լինելու ցանկություն:

Հայաստան Հռոմի պապի այցի առանցքային ուղղությունը Լոմբարդին համարել է էկումենիզմը, ինչպես 2015-ի ապրիլին, երբ Վատիկան էր այցելել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը և Սբ Պետրոսի տաճարում մատուցվեց պատարգ ի հիշատակ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի:

Այցի շրջանակում Պապը կհանդիպի Ցեղասպանությունը վերապրածների հետ, կայցելի Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Այցի վերջին օրը Հռոմի պապը կլինի Խոր Վիրապում, որը գտնվում է Թուրքիայի հետ սահմանից ոչ հեռու, և աղավնիներ բաց կթողնի Արարատ լեռան ուղղությամբ:

Հռոմի Պապի այցը Հայաստանը կմեկնարկի հունիսի 24-ին: Այցի շրջանակներում Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում տեղի կունենա պաշտոնական դիմավորման արարողություն, որից հետո կմեկնի Մայր Աթոռ Ս. Էջմիածին. Մայր Տաճարում տեղի կունենա Բարիգալստյան` «Հրաշափառի» արարողությունը:Նույն օրը երեկոյան Սրբազան Քահանայապետը նախագահի նստավայրում հանդիպում կունենա նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Հունիսի 25-ի առավոտյան Սրբազան քահանայապետը կայցելի Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և թանգարան: Հռոմի պապ Ֆրանցիսկոսն այնուհետև Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ կմեկնի Գյումրի, որտեղ Սուրբ և անմահ պատարագ կմատուցվի Վարդանանց հրապարակում: Նույն օրը երեկոյան Երևանում՝ Հանրապետության հրապարակում, տեղի կունենա էկումենիկ արարողություն և Խաղաղության աղոթք:

Հայր Լոմբարդին նշել է, որ Հռոմի պապի այցը Հայաստան պետք է դիտարկել որպես ուղևորության առաջին մասը, որ նա կատարելու է տարածաշրջանում 2016-ին ` ծանոթանալու տարածաշրջանի ժողովրդների հետ: Երկրորդ փուլը նախատեսված է սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ը` այդ օրերին Պապը կլինի Վրաստանում և Ադրբեջանում:

Ընթերցեք նաև. Ռուսաստանցի կաթոլիկները կժամանեն Հայաստան` մասնակցելու Հռոմի պապի պատարագին

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---