24 հունիսի 2016 - 11:45 AMT
Մեծ Բրիտանիայի վարչապետը հայտարարել է հրաժարականի մասին

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հայտարարել է հրաժարական տալու մտադրության մասին ԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու վերաբերյալ քվեարկության արդյունքների հրապարակումից հետո:

Մեծ Բրիտանիայում հունիսի 23-ին տեղի ունեցած ԵՄ անդամության վերաբերյալ հանրաքվեում հաղթանակ են տարել ԵՄ-ից դուրս գալու կողմնակիցները` հավաքելով ձայների 51,8 տոկոսը: ԵՄ կազմում մնալու օգտին քվեարկել է 48%-ը:

Միևնույն ժամանակ Քեմերոնն ասել է, որ կանի ամեն ինչ, ԵՄ կազմից դուրս գալու վերաբերյալ բրիտանացիների որոշումը կյանքի կոչելու համար:«Կարծում եմ, սխալ կլինի փորձել մնալ երկրի ղեկավարի պաշտոնում»,-ասել է Քեմերոնն ու հավելել է, որ «թարմ ղեկավարություն է» պետք: Քեմերոնն ասել է, որ անհապաղ փոփոխություններ երկրի քաղաքականության մեջ չեն լինի, իսկ Եվրամիության կազմից դուրս գալու վերաբերյալ բանակցությունները ԵՄ հետ պետք է վարի կառավարության նոր ղեկավարը:

Մինչդեռ Հյուսիսային Իռլանդիայի բնակիչների 55.8 %-ը դեմ է արտահայտվել ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալուն Հյուսիային Իռլանդիայի ամենամեծ ազգայնական կուսակցությունը ` «Շինն Ֆեյնը», հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի դուրս գալը ԵՄ կազմից հիմք կհանդիսանա Իռլանդիայի հետ վերամիավորվելու վերաբերյալ հանրաքվեի անցկացման համար: Նա կարծիք է հայտնել, որ հանրաքվեի արդյունքները զրկում են Բրիտանիայի կառավարությանը Հյուսիսային Իռլանդիայի շահերը ներկայացնելու իրավունքից, քանի որ վերջինիս բնակչությունը քվեարկել է ԵՄ կազմում մնալու օգտին:

Ընթերցեք նաև. Աշխարհի արձագանքը Brexit-ին. Սա ամենաուժեղ հարվածն է եվրաինտեգրմանը 1945-ից հետո